Ես նման կանխատեսում չունեմ.  Վարդան Արամյանը՝ դեֆոլտի մասին
Տնտեսություն
12:55 20/10/2016
Հայաստան

Ես նման կանխատեսում չունեմ. Վարդան Արամյանը՝ դեֆոլտի մասին

Կառավարության նոր ծրագրում ներկայացված են կոնկրետ միջոցառումներ, այդ թվում նաև՝ հարկային ու մաքսային ոլորտներում: Այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Ինչ վերաբերում է փոքր և միջին ձեռնարկություններին, նախարարը նշեց, որ ՓՄՁ-ների մասով արդեն Հարկային օրենսգրքում կարգավորումներ կան, նաև մտածում են որոշակի գործիքակազմի կիրառման ուղղությամբ:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե «մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ՝  դեֆոլտ»,  ֆինանսների նախարարն ասաց, թե ինքը նման կանխատեսում չունի. «Մտահոգությունն այն է, որ գլոբալ տնտեսությունում արտաքին հատվածից ներթափանցող բացասական շոկեր ունենք, որոնք տեղի են ունեցել 2014 թվականից: Ապագային նայելով, բնականաբար, պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի մտցնենք հարկաբյուջետային կայունություն, դա նշանակում է, որ պարտքի աճի տեմպերն աստիճանաբար պետք է մեղմվեն: Դեֆոլտի մասով՝ ես չեմ կարծում, որ այս պահին իրավաչափ է խոսենք, որ վտանգված ենք»:

Մենաշնորհների վերացման մասին էլ խոսելով՝ Վարդան Արամյանը լրագրողներին հորդորեց կենտրոնանալ ոչ թե օլիգարխների վրա, այլ՝ հանընդհանուր հարկային արդարության ու սկզբունքների վրա: «Ամբողջ աշխարհում կա գերիշխող դիրքը: Հիմնական կարգավորումը պետք է կայանա նրանում, որպեսզի ստեղծվեն արդար մրցակցության  համակարգեր և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները չկարողանան իրենց դիրքը չարաշահել»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:

Placeholder
Ես նման կանխատեսում չունեմ. Վարդան Արամյանը՝ դեֆոլտի մասին