Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բարեփոխումները պետք է սկսենք հենց կառավարությունից։ Այսօր Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը ու բացատրեց, որ պետք է «նոր շունչ» հաղորդեն պետական կառավարման համակարգին։
Վարչապետի ներկայացմամբ, պետական ու տեղական ինքնակառավարման համակարգերը պատրաստվում են դարձնել ճկուն ու արդյունավետ՝ դրանք «սանիտարական մաքրման» ենթարկելու միջոցով։
«Պետական կառավարման համակարգի արդյունավետության առաջին պայմանը կոռուպցիայից զերծ լինելն է։ Սրա մասին շատ է խոսվում և այստեղ կարևորը գործերն ու միջոցառումներն են, և ես վստահ եմ, որ հասարակությունը կզգա համապատասխան ազդակները», -հայտարարեց Կարապետյանը։
Համակարգի արդյունավետության մեկ այլ պայման էլ կա, և դա ըստ վարչապետի գործունեության արդյունավետ բաշխումն է, հետևաբար, ըստ վարչապետի, կառավարության անդամները պետք է ունենան իրենց ղեկավարած ոլորտներում կառավարման բավարար լիազորություններ և դրան համապատասխան հստակ պաշտոնական պատասխանատվություն։
Վարչապետը տեղեկացրեց, որ կառավարման համակարգում անցնելու են «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին ծառայություն մատուցելու համակարգերին, որի արդյունքում ակնկալում են նվազեցնել այն ժամանակը, որը քաղաքացիները ծախսում են պետական ապարատի հետ շփվելիս։
«Անհրաժեշտ է պետական ապարատում որոշումների ընդունումը դարձնել քիչ բյուրոկրատական, պարզ և հասցեական։ Մենք պետք է հստակորեն իմանանք, թե ինչու անհրածեշտ որոշումներն ընդունվում կամ չեն ընդունվում, որ օղակում են դրանք ուշանում։ Պետական կառավարման մարմինները պետք է ոչ թե աշխատողների համար զբաղվածություն ապահովեն, այլ քաղաքացիներին պետք է մատուցեն ծառայություններ։
Եթե այդ ծառայությունները պահանջված չեն, արդյունավետ չեն թանկարժեք են, ապա դրանք պետք է վերանան կամ փոխակերպվեն։ Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի։ Կարևոր է, որ մենք պարբերաբար հիշենք, որ պետական ծառայողները իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ ընդամենը ծառայություն մատուցողներ են։ Կարևոր է, որ պետական մարմնի դուռը թակելով, քաղաքացիները որակյալ սպասարկում ստանան։ Սա մշակույթ է,որի ներդրումը քայլեր կպահանջի սակայն պետք է քայլեր կատարել այսօրվանից», -խորհրդարանականներին հայտարարեց վարչապետը։