ՀՀ բնակչության ընդամենը  4 տոկոսն է ընդգրկված սեփական բիզնեսների մեջ. Լ. Զուրաբյան
Քաղաքական
11:14 20/10/2016
Հայաստան

ՀՀ բնակչության ընդամենը 4 տոկոսն է ընդգրկված սեփական բիզնեսների մեջ. Լ. Զուրաբյան

«Մենք կարևորում ենք փոքր և միջին բիզնեսի զարգացումը: Հայաստանի բնակչության  ընդամենը  4 տոկոսն է այսօր ընդգրկված սեփական բիզնեսների մեջ, ինչը ցածր ցուցանիշ է»,- «Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմի» և Ֆ․ Նաումանի «Հանուն Ազատության» հիմնադրամի հրավիրած Ազատ շուկայական տնտեսություն․ Հայաստանի ապագայի տեսլականը» թեմայով խորհրդաժողովին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա, ՀԱԿ նպատակներից մեկը Հայաստանում ժողովրդական կապիտալիզի զարգացումն է,  որպեսզի  բնակչության շատ զանգված մտնի ձեռնարկատիրական գործունեության մեջ:

«Վստահ ենք, որ ազատականացման միջոցով հնարավոր է հասնել այդ նպատակներին»,- ընդգծեց Լ. Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում մենաշնորհներ են ոչ միայն քաղաքականության և տնտեսության մեջ, նաև քաղաքականության մշակման:

«Ուզում ենք այս խորհրդաժողովի կազմակերպիչների հետ միասին օգտագործենք այս առիթը և մշակենք այլընտրանքային մոտեցումներ՝ տնտեսական քաղաքականության մշակման համար: Մենք ուզում ենք համախմբել  ամբողջ ազատական  միտքը, հրավիրել դասախոսների, տնտեսագետների, բարեփոխիչների: Մենք հրավիրել ենք այս խորհրդաժողովը՝ անհրաժեշտ բարեփոխումները քննարկելու համար: Նպատակ ունենք, եթե հաջողվի մեզ, այս քննարկումների հիման վրա ստեղծել մի կազմկոմիտե, 3-4 ամսում հրավիրենք հանդիպումներ և միասին փորձենք կառուցել այն օրակարգը, որով պետք է վերափոխել Հայաստան»,- ասաց Լ. Զուրաբյանը:

 

Placeholder
ՀՀ բնակչության ընդամենը 4 տոկոսն է ընդգրկված սեփական բիզնեսների մեջ. Լ. Զուրաբյան