Եվրիմաժի ներկայացուցիչներն այցելելու են Երևան
Մշակույթ
09:11 20/10/2016
Հայաստան

Եվրիմաժի ներկայացուցիչներն այցելելու են Երևան

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի  հրավերով  նոյեմբերի 1-3-ը աշխատանքային այցով Երևան կժամանեն  Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության Եվրիմաժ  (Eurimages) հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբել Կաստրոն  և Եվրիմաժի անիմացիոն և խաղարկային ֆիլմերի գծով փորձագետ Իրիս Կադուն: Այս մասին տեղեկանում ենք «Կինոաշխարհ»-ից: 

Եվրիմաժի ներկայացուցիչների հայաստանյան այցը տեղի կունենա «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակներում:

Աշխատանքային հանդիպման  առաջին օրը՝ նոյեմբերի 1-ին, հյուրերը  կինոարտադրողներին կներկայացնեն  Եվրիմաժի և այլ  կինոհիմնադրամների գործունեության առանձնահատկությունների  և հայտեր ներկայացնելու կարգի մասին: Բացի այդ, նրանք ոլորտի մասնագետներին կծանոթացնեն համատեղ արտադրության և տեղական կինոթատրոնների  աջակցության ծրագրերին։

Նոյեմբերի 2-ին արդեն  տեղի կունենան գործնական աշխատանքային հանդիպումներ տեղական կինոգործիչների հետ, այդ թվում՝ կինոարտադրողների ( պրոդյսերների, ռեժիսորների և  կինոլորորտի այլ  մասնագետների հետ): Հայ կինոգործիչները հնարավորություն կունենան  փորձագետների հետ համատեղ քննարկելու այն կինոնախագծերը, որոնք հետագայում կներկայացվեն Եվրիմաժ հիմնադրամին՝ որոշակի ֆինանսվորում ստանալու նպատակով։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2016 թվականին միացավ Եվրիմաժ (Eurimages) հիմնադրամին, որպես 37-րդ անդամ պետություն: Նոյեմբերին կայանալիք այցը՝ Եվրիմաժի ներկայացուցիչների առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

Placeholder
Եվրիմաժի ներկայացուցիչներն այցելելու են Երևան