Քրեականացման միջոցով ապօրինի հարստացման ռիսկն ու գայթակղությունը շեշտակի կնվազի. Ա.Հովհաննիսյան
Իրավունք
18:17 20/10/2016
Հայաստան

Քրեականացման միջոցով ապօրինի հարստացման ռիսկն ու գայթակղությունը շեշտակի կնվազի. Ա.Հովհաննիսյան

Ապօրինի հարստացման քրեականացումը կառավարության ամենակարճաժամկետ ծրագրերից մեկն է, եռամսյա ժամկետ է ամրագրված: Օր առաջ  քրեականացումը,  կարծում եմ որպես հետևանքային  հանցակազմ, լրջորեն կվկայի կառավարության քաղաքական կամքի մասին՝ պայքարել ապօրինի հարստացման դեմ,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ միայն ապօրինի հարստացման քրեականացումն արդյունք չի տա. «Սա կաշխատի այն ժամանակ, երբ կրկին կառավարության ծրագրում ամրագրված մի քանի ծրագրեր ևս ճիշտ ժամանակին արվեն։ Առաջին՝  խոսքը վերաբեում է կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրենքին»:

Այս օրենքին, ըստ Ա. Հովհաննիսյնաի, պետք է հետևեն շահերի բախման հայտարարագրում, փոխկապակցված անձանց շրջանակի,  հայտարարագիր ներկայացնող անձանց ընդլայնում:

«Քայլերը պետք է հաջորդեն մեկը մյուսին:  Այդ դեպքում հավատացած եմ, լավատես ու լիահույս, որ մենք կհաջողենք»,- ասաց նախարարը:

Լրագրողի հարցին՝  կարելի՞ է արձանագրել, որ կարճ ժամանակ անց Հայաստանում չեն լինի  ապօրինի հարստացող պաշտոնյաներ, Ա. Հովհաննիսյանն ասաց. «Աշխարհում չկա որևէ երկիր, որը դադարեցրել է  կոռուպցիայի դեմ պայքարը կամ կոռուպցիայի դեմ  պայքարի միջոցառումները:  Այլ հարց է՝  ինչպիսի մակարդակով, ինչպիսի ծավալով»:

Նախարարն ապագային ուղղված կանխատեսումներ չարեց, բայց նշեց. «Ապօրինի հարստացման ռիսկն ու գայթակղությունը շեշտակի կնվազի,  եթե չասեմ կվերանան, որովհետև դրա համար կա քրեական պատասխանատվություն»:

Placeholder
Քրեականացման միջոցով ապօրինի հարստացման ռիսկն ու գայթակղությունը շեշտակի կնվազի. Ա.Հովհաննիսյան