Կառավարության ծրագիրն ընդունվեց
Քաղաքական
13:39 21/10/2016
Հայաստան

Կառավարության ծրագիրն ընդունվեց

Ազգային ժողովի արտահերթ նիստում  85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայների  հարաբերակցությամբ   Հայաստանի կառավարության ծրագիրը հավանության արժանացավ:

«Շնորհավորենք մեր կառավարությանը»,- քվեարկությունից հետո ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ ԲՀԿ-ն հայտարարեց, որ կուսակցական պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը, ՕԵԿ-ը՝ ձեռնպահ: 

Նախքան քվեարկությունը պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վարման կարգով ելույթ ունեցավ՝ մասնավորապես ասելով. «Ես ելույթ չեմ ունեցել, հարցեր չեմ տվել: Արդեն չորրորդ անգամն է, փորձը ցույց է տալիս, որ դրանից էական բան չի փոխվում: Այս դահլիճում նախընտրական փուլ է  սկսվում, քաղաքական հայտարարություններով հանդես գալու գայթակղությունը մեծ է: Չեմ ուզում մտնել ծայրահեղությունների մեջ՝ մի կողմից որ փրկության ծրագիր է, մյուս կողմից, որ անհնար է այս վիճակում բան փոխել:
Գիտակցում ենք, որ հասարակությունը չի կարող զրկվել հույսերից: Ինչ-որ հույսեր ձեր նշանակմամբ առաջացել են: Ձեր կողմից նշանակված նախարարների պարկեշտությանը կասկածելու որևէ առիթ չունենք: Այդ առումով չեմ ուզում ժխտողական ազդակով սկսել, բայց նաև չեմ կարող լիովին աջակցել, մինչև չտեսնեմ կոնկրետ, ռեալ քայլեր: Այդ առումով ձեռնպահ կմնամ»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց. «Բնականաբար հիմնավորեցինք՝ ինչն է մեր խնդիրը ծրագրի հետ կապված, բայց  խոսքը միայն ծրագրի մասին չէ: Չենք կարող վստահություն հայտնել իշխող կուսակցության կողմից ներկայացված որևէ կառավարությանը, որովհետև անցած տարիները  նման հիմքեր մեզ թույլ չեն տալիս: Մենք ծրագրի քվեարկությունը համարում ենք  վստահության քվեարկության, մեր անվստահությունը հայտնում են դեմ քվեարկելով»:
 

Placeholder
Կառավարության ծրագիրն ընդունվեց