Հայ կոմպոզիտորները Չինաստանում ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություններ
Մշակույթ
09:45 25/10/2016

Հայ կոմպոզիտորները Չինաստանում ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություններ

Հայաստանի կոմպոզիտորների միությունն, առաջնային համարելով հայ պրոֆեսիոնալ երաժշտության ավանդների պահպանման, զարգացման ու տարածման խնդիրը, ակտիվորեն աշխատում է համաշխարհային մշակութային դաշտում ինտեգրվելու ուղղությամբ` ամրապնդելով և ընդլայնելով տարբեր երկրների հետ գործնական մասնագիտական համագործակցության շրջանակները:

Կոմպոզիտորների միությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ «Համագործակցություն»  նախագծի շրջանակներում այս ամսվա ընթացքում հայ պատվիրակությունը՝ ի դեմս ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի, ՀԿՄ աշխատակազմի ղեկավար Սվետլանա Ալեքսանյանի և ՀԿՄ արտասահմանյան կապերի հանձնախմբի ղեկավար Լևոն Չաուշյանի, մեկնել էր Չինաստան` պատասխան համերգին մասնակցելու, որի ժամանակ հնչել էին երկու երկրների կոմպոզիտորների ստեղծագործությունները չինացի երաժիշտների կատարմամբ:

Պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ էր ունեցել Պեկինում` ՉԺՀ-ի Երաժիշտների ասոցիացիայի ղեկավար պարոն Խան Քսինյանի հետ, ՉԺՀ-ի ժողվրդական հրատարակչության ղեկավար տիկին Մո Յունհյուի և Խանջոյի կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար պարոն ՋիուՀուա Յանգի հետ: Հանդիպումներին ձեռք էր բերվել ապագա համագործակցության նոր հնարավորությունների նախնական պայմանավորվածություններ: Խանջոյի նորաբաց կոնսերվատորիայի 800 հոգանոց լեփ-լեցուն դահլիճում հավաքված ունկնդիրը մեծ հետաքրքրությամբ և ջերմորեն էր ընդունել հայ երաժշտությունը:

Միությունից նաև հայտնում են, որ այս հանդիպումը, ըստ էության,  հետխորհրդային շրջանում հայ կոմպոզիտորների առաջին պաշտոնական այցն էր Չինաստան:

Հիշեցնենք, որ Համագործակցություն»  նախագծի շրջանակներում այս տարվա հուլիսին Հայաստանի Կոմպոզիտորների միությունը հյուրընկալել էր չինացի գործընկերներին, կայացել էր Հայ-Չինական ժամանակակից երաժշտության փառատոնը:

Լուսանկարները՝ Կոմպոզիտորների միության կայքից: 

Placeholder
Հայ կոմպոզիտորները Չինաստանում ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություններ