Ռուսաստանյան դիվանագիտությունը տառապում է էմպատիայի բացակայությամբ. Դենիս Դվորնիկով
Քաղաքական
14:42 27/10/2016
Հայաստան

Ռուսաստանյան դիվանագիտությունը տառապում է էմպատիայի բացակայությամբ. Դենիս Դվորնիկով

«Դա վախեցնող թիվ չէ, ես այն կբնութագրեի որպես աղետալի»,-մեկնաբանելով Ռուսաստանի նկատմամբ հայ հասարակության դրական վերաբերմունքի, ինչպես նաև Ռուսաստանի՝ որպես գլխավոր գործընկերոջ ընկալման 17%-ով նվազելու փաստը, այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ռուս հրապարակախոս, միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը:

Նշենք, որ վերոնշյալ թիվը ստացվել է Եվրասիական բանկի հետազոտական կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքներով:

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի տեղեկատվական համագործակցության, ինչպես նաև փոխըմբռնման ճգնաժամի պատճառներին՝ բանախոսը նախ և առաջ կարևորեց այն իրողությունը, որ այս ամենը տեղի է ունեցել բավական կարճ ժամանակահատվածում:

«Կարծում եմ, որ նախ և առաջ պետք է որոշել պատճառները, հասկանալ, թե ինչու դա տեղի ունեցավ: Անձամբ ես ինձ համար, հետևելով, թե ինչ է տեղի ունենում հայկական ԶԼՄ-ներում, ինչպես նաև սոցցանցերի հայկական սեգմենտում, պարզել եմ, որ առնվազն 10%-ի համար «պատասխանատու» է Դմիտրի Ռոգոզինն իր հայտարարությամբ»,-նշեց Դենիս Դվորնիկովը՝ մանրամասնելով, որ նկատի ունի ապրիլյան իրադարձությունների ժամանակ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այն հայտարարությունը, թե ինքը սովորական է համարում Ադրբեջանին Ռուսաստանի կողմից հարձակվողական զինատեսակների վաճառքը:

Առկա ճգնաժամի մյուս պատճառը, ըստ բանախոսի, Ռուսաստանյան հասարակության՝ Հայաստանում առկա իրողությունների ընկալման բացակայությունն է, «այս կամ այն իրավիճակի, փաստերի և իրողությունների հուզականության ընկալումը»: 

«Այստեղ կարևորն, իմ կարծիքով, էմպատիայի բացակայությունն է: Էմպատիան դա կարեկցելու, դիմացի մարդու զգացողությունը ընկալելու ունակությունն է: Եվ եթե Ռոգոզինի համար հայտարարությունն առ այն, որ ադրբեջանին հարձակվողական զենքի վաճառքը Ռուսաստանի քաղաքական գործունեության ամենօրյա կենցաղի մաս է, ապա որպես  բարձր մակարդակի քաղաքական գործիչ, նա պետք է հասկանա, որ դա չափազանց ցավոտ կետ է ցանկացած հայ մարդու, մանավանդ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչի համար»,-նշեց Դենիս Դվորնիկովը:

Բանախոսի համոզմամբ՝ հենց ցավոտ կետերը «կոխրճելու» հասկացության բացակայությունն է ստեղծված իրավիճակի գլխավոր ախտանիշներից մեկը: Այս համատեքստում հրապարակախոսը նշեց, որ անգամ վերնագիր է պատրաստել լրագրողների համար՝ «Ռուսաստանյան դիվանագիտությունը տառապում է էմպատիայի բացակայությամբ»:

Որպես ստեղծված իրավիճակի դրդապատճառ՝ ռուս հրապարակախոսը առանձնացրեց գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը և դրա շուրջ հստակ ու հասկանալի տեղեկատվության բացակայությունը, ինչպես նաև ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովի՝ Բաքվում ձերբակալությունը: Վերոնշյալ փաստն, ըստ բանախոսի, վկայում է այն մասին, որ ռուսական դիվանագիտությունը շատ ժակմանակ չի կարողանում պաշտպանել անգամ սեփական քաղաքացիներին: Մյուս կողմից, ըստ Դվորնիկովի, Հայաստանում նույնպես մինչև վերջ չեն հասկանում, թե ինչ բան է Ռուսաստանը:

«Ռուսաստանը դա կոնֆլիկտային, մի քանի ուժային կենտրոննեով երկիր է»,-ըստ բանախոսի՝ անկախ արտաքուստ չորությունից, ռուսական դիվանագիտությունը բավական ճկուն է և գործում է՝ հաշվի առնելով, թե այս կամ այն ուժային կենտրոններից որ մեկի ազդեցությունն է հիմա ավելի ուժեղ և որն է նրանցից գործում հստակ և «հանդուգն»:

Այս համատեքստում ռուս հրապարակախոսը կարևորեց ՌԴ հայ համայնքի գործոնը, որը ներկա պահին ինչ-ինչ պատճառներով դուրս է մնացել ազդեցության բաժանման գործընթացից:

Դենիս Դվորնիկովը կարևորեց հասարակական շրջանակների համագործակցությունը ՝ նշելով, որ շարքային ռուսաստանցուն անհրաժեշտ է ցույց տալ, թե ինչ բան է Հայաստանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը:

Նա նշեց, որ իրենք արդեն իսկ մի քանի այցելություններ են կազմակերպել Լեռնային Ղարաբաղ, որի շրջանակներում իրականացվել են մի շար միջոցառումներ, մասնավորապես ռուսական ռոք խմբերից մեկի համերգը Ստեփանակերտում և Արցախցի երիտասարդ գրողների համար համացանցով գրական վարպետության դասերի կազմակերպումը:

Placeholder
Ռուսաստանյան դիվանագիտությունը տառապում է էմպատիայի բացակայությամբ. Դենիս Դվորնիկով