ՔԱԳՎ պետը՝ էժան ավիատոմսերի մասին
Քաղաքական
11:35 27/10/2016
Հայաստան

ՔԱԳՎ պետը՝ էժան ավիատոմսերի մասին

«Կարող եք մտնել «Պոբեդա» ավիաընկերության կայքէջը և տեսնել, որ դրա կողմից իրականացվող տոմսերը գները սկսվում են 999 ռուբլիից: Եթե չեմ սխալվում, դա կազմում է շուրջ 7500 դրամ»:

Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Այո, ես կարծում եմ, և վստահ եմ, որ այդ ուղղությամբ տոմսերը լինելու են նաև այդ գնով՝ 10 հազար դրամով»,-ասաց Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին վարչությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի այդ ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան ու  հետադարձ ուղղությամբ թռիչքներ է իրականացնելու:  Ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից:

Նա մանրամասնեց, որ չվերթներն իրականացվելու են «Բոինգ-737» և «Բոինգ-800» տիպի օդանավերով, որոնք նախատեսված են շուրջ 180 ուղևորի համար:

«Բյուջետային ավիաընկերությունները, ինչպիսին է նաև «Պոբեդա»-ն աշխատում են «սկսած… մինչև» տրամաբանությամբ: Վերին շեմը, պարզ է, շատ բարձր չի լինի, որովհետև «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք  էլինի դրա ցածր գինը»,-ասաց նա:

ՔԱԳՎ պետի խոսքով, նախատեսվում է  զարգացնել Գյումրու «Շիրակ»-ը՝  որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան:

«Գյումրիի օդանավակայանի գները, այո, ցածր են: Մենք օրենքում փոփոխություններ արեցինք ու վերացրեցինք պետտուրքն այդ օդանավակայանից մեկնող ուղևորների համար, Գյումրիում չի գործում 10 հազար դրամի պահանաջը»,-ասաց նա:

Ս. Ավետիսյանի խոսքով, այս պահին հայկական կողմը բանակցություններ է վարում մի քանի ավիաընկերությունների հետ:

«Խնդիրն այն է, որ ավիաընկերությունը շուկա մուտք գործելուց պետք է հասկանա, թե ինչքան պահանջարկ ունի:  Այս պահի դրությամբ, որ Ռուսաստանի շուկան թե արտագնայի, թե ներգնայի համար թիվ մեկ է ու կմնա շատ երկար: Այդ պատճառով «Պոբեդա»-ի մուտքով է լինում «Շիրակի» վերագործարկումը»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ուղղությունների դեվերսիֆիկացում կլինի:

Վարչության պետը չբացառեց, որ այս ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա իր ազդեցությունը կթողնի տոմսերի գների վրա:

«Բայց էլի եմ կրկնում, սա այլ տեսակի պրոդուկտ է, այլ սեգմենտ է»,-ասաց նա:

Placeholder
ՔԱԳՎ պետը՝ էժան ավիատոմսերի մասին