Նախարար. Համաշխարհային տնտեսական կառույցները 2017-ի համար  կանխատեսում են մի փոքր արագացող տնտեսական աճ
Տնտեսություն
12:36 31/10/2016
Հայաստան

Նախարար. Համաշխարհային տնտեսական կառույցները 2017-ի համար կանխատեսում են մի փոքր արագացող տնտեսական աճ

«Այն, ինչ կատարվում է գլոբալ տնտեսությունում,  իր արտացոլումն է գտնում Հայաստանի տնտեսական ցուցանիշների  վրա: Չենք կարող տնտեսական միջավայրի ցուցանիշներ կանխատեսել՝ առանց հաշվի առնելու գլոբալ զարգացումները»,- Ազգային ժողովում  ՀՀ 2017թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինասների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարը նշեց, որ համաշխարհային տնտեսական կառույցներն 2017-ի համար  կանխատեսում են մի փոքր արագացող տնտեսական աճ.  2016-ի համար կանխատեսվում է 3,1 տոկոս տնտեսական աճ, իսկ 2017-ի համար ակնկալվում է 3,4 տոկոս տնտեսական աճ:

«Կարևոր լավ լուրն այն է, որ տնտեսական աճը հիմնականում ակնկալում են զարգացող  և անցումային շրջանի երկրներից: Այստեղ կարևոր գործոն է նաև Ռուսաստանի տնտեսական զարգացումները»,- ասաց Վ. Արամյանը:

Ըստ նրա, կամա թե ակամա Հայաստանը տնտեսական կապերով կապված է ՌԴ-ի հետ, ինչ կատարվում է  ՌԴ տնտեսությունում, մի քանի ուղղություններով՝  տրանսֆերտներ, առևտրային ծավալներ, ներդրումներ, ազդում է Հայաստանի տնտեսության վրա:  Նախարարի խոսքով՝ երկու տարի անընդմեջ ՌԴ տնտեսությունն անկում է ապրում, մասնագետների կարծիքով, հասել է հատակին և արդեն վերելքի փուլ թևակոխելու ժամանակն է, ուստի մասնագետները 2017-ի համար ակնկալում են տնտեսական աճ:

Խոսելով հումաքային շուկայի մասին, որը նույնպես իր ազդեցությունն է ունենում Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վրա, Վ. Արամյանն ասաց, որ նավթի շուկայում միջազգային կառույցներն ակնկալում են որոշակի գների աճ: 2015-ին նավթի շուկայում գրանցվել էր 47 տոկոս անկում, 2016-ին ակնկալվում է 15,4  տոկոս անկում, իսկ  2017-ի համար, ըստ Վ. Արամյանի, ակնկալվում է շուրջ 18 տոկոս աճ: Նրա խոսքով՝ սա այն գործոններից մեկն է, որը բերելու է ՌԴ տնտեսության աճին:

Վ. Արամյանն ասաց, որ ակնկալվում է նաև մետաղի գների փոքր-ինչ աճ:

Ֆինանսների նախարարը նշեց, որ Հայաստանի 2016 թվականի բյուջեի նախագծում դրել էին 2,2 տնտեսական աճ, 4 տոկոս դեֆլյատոր:

«Տարին ցույց տվեց, որ գնային ֆոնը համեմատաբար ավելի պասիվ է, այսօրվա դրությամբ ունենք դեֆլյատորի՝ -0,4 տոկոս ցուցիչ (կիսամյակային ցուցանիշ), մինչև տարեվերջ ակնկալում են շուրջ զրոյական ցուցիչ: Տնտեսական աճի  ցուցանիշի  մասով մենք,  կարծես թե, այն տիրույթում կլինենք, ինչ կանխատեսվում էր 2016-ի համար՝  2-2,4 տնտեսական աճ:

Այս հենքերի վրա հինվելով՝ 2017-ի համար մենք ակնկալում ենք ավելի արագացող  տնտեսական աճ՝ 3,2 տոկոս, մի փոքր ավելի համեստ, բայց դրական գնային միջավայր, դեֆլյատորը կանխատեսել ենք  1,7 տոկոս այս տարի սպասվող զրոյական դեֆլյատորի պայմաններում»,- ասաց Վարդան Արամյանը:

Placeholder
Նախարար. Համաշխարհային տնտեսական կառույցները 2017-ի համար կանխատեսում են մի փոքր արագացող տնտեսական աճ