Թալիշը վերականգնելու նպատակով հիմնադրամ կբացվի
Քաղաքական
15:52 31/10/2016

Թալիշը վերականգնելու նպատակով հիմնադրամ կբացվի

Հայաստանի և Արցախի հասարակությունների ու իշխանությունների կարծիքը Արցախի հարցի լուծման բանալիների շուրջ միևնույնն է՝ Արցախըւ պետք է ապահովված լինի անվտանգ ապագայով և Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ներկայացնելով Արցախ կատարած երկօրյա այցի արդյունքները, ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ եղել են առաջնագծում, Թալիշում, խոսել զինվորականների հետ, հանդիպել Արցախի նախագահին, խորհրդարանի անդամներին:

«Սա և զինծառայողների համոզմոնքն է, և Արցախի նախագահի, և խորհրդարանի բոլոր ֆրակցիաների համոզմունքը», -հավելեց Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչը:

Շարմազանովն ասաց, որ ապրիլյան պատերազմից հետո երրորդ անգամն է առաջնագծում և, ի տարբերություն նախորդ այցերի, այս անգամ նկատել է՝ «առաջնագիծն ամբողջությամբ ապահովված է ռազմատեխնիկական սարքավորումներով»:

Այդուհանդերձ, նրա խոսքով, մտահոգիչ է Թալիշի խնդիրը, որտեղ պատերազմից հետո դեռևս բնակչություն չկա և վերաբնակեցման խնդիր կա:

«Այդ հարցը քննարկել ենք թալիշցիների, նախագահ Բակո Սահակյանի հետ, Վիտալի Բալասանյանի հետ և բոլորս միասին եկել ենք այն համոզման, որ պետք է քայլեր ձեռնարկենք Թալիշի և վերականգնման, և վերաբնակեցման ուղղությամբ», -ասաց Շարմազանովը և տեղեկացրեց, որ արդեն իսկ կա առաջարկ բացել հիմնադրամ ու պատգամավորների կողմից կատարվեն նվիրատվություններ այդ հիմնադրամին:

Այդ հիմնադրամին ուղղված գումարները կփոխանցվեն Թալիշի դպրոցի ու մանկապարտեզի վերականգնմանը՝ կարճ ժամանակում, ինչպես նաև կվերանորոգվեն մարդկանց տները, որպեսզի թալիշցիների վերադառնան իրենց տներ:

Նա տեղեկացրեց, որ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում իրենց է ներկայացվել Թալիշը վերաբնակեցնելու ծրագիրը, որի համաձայն մինչև գարուն ու դրանից հետո այնպես անեն, որ մարդիկ վերադառնան իրենց հայրենի տներ:

«Եթե մտածենք, որ սահմանամերձ բնակավայրերը ադրբեջանցիների կրակի տակ են ու կարող են թեկուզ տեսականորեն կրակել, ապա մենք մեր տարածքի 1/3-րդը կարող է չբնակեցնենք: Նման բանչի կարող լինել: Մեր նպատակն է, որ առաջին հերթին անվտանգությունն ապահովենք և որ մեր քույրերն ու եղբայրները վերադառնան ու ապրեն ապահով: Կապ չունի՝ 10 դրամ կտա՞ն, հազար դրամ կտա՞ն, թե ինչքան: Ամեն մեկն իր ունեցածի սուրբ բաժինը պետք է հատկացնի Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերականգնմանը», -հայտարարեց ԱԺ իշխանական մեծամասնության ներկայացուցիչը:

Հարցին, թե վերջին շրջանում պարբերական բնույթ կրող դիվերսիաների դեպքում մարդիկ կվերադառնա՞ն Թալիշ, Շարմազանովը պատասխանեց. «Եթե մենք դիվերսիաներին նայենք, ապա բնակչության, կոնկրետ Տավուշի շրջանի բնակչության 80 տոկոսին պետք է տարհանենք Երևան: Ըտենց չի լինի»:

Placeholder
Թալիշը վերականգնելու նպատակով հիմնադրամ կբացվի