2017-ի բյուջեի նախագծով Հայաստանի նախագահի աշխատակազմին հատկացվող գումարը կրճատվել է
Քաղաքական
11:46 01/11/2016
Հայաստան

2017-ի բյուջեի նախագծով Հայաստանի նախագահի աշխատակազմին հատկացվող գումարը կրճատվել է

2017 թվականի պետական բյուջեի նախագծով Հայաստանի նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի ծախսերի համար նախատեսվել է 4 միլիարդ 522 միլիոն 944 հազար դրամ: 2016-ին նախագահի աշխատակազմին և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին հատկացված ընդհանուր 5 միլիարդ 97 միլիոն դրամի դիմաց 2017 թվականի քննարկվող նախագծով ներկայացված գումարը նվազել է 574 միլիոն դրամով: Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Նրա խոսքով՝ նշված նվազեցումը պայմանավորված է հետևյալով. համաձայն նախագահի 2016 թվականի օգոստոսի 10-ի  կարգադրության, լուծարվել է «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը, ձևավորվել է ՀՀ նախագահի աշխատակազմում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն:  Ազգային անվտանգության խորհրդին հատկացված 478 միլիոն դրամի դիմաց  2017 թվականի քննարկվող նախագծով ներկայացվող գումարը նվազել է 47 տոկոսով և կազել է 253 միլիոն դրամ: 

2017 թվականին վարչական օբյեկտների շինարարություն, վարչական օբյեկտների հիմնանորոգում ծրագրերով, նաև կարողությունների զարգացում ծրագրով  վարչական սարքավորումների ձեռք բերման համար գումարներ չեն նախատեսվել ի տարբերություն 2016 թվականի:

Ա. Գևորգյանի  ներկայացմամբ, «Հանրային իրազեկման  ապահովում» ծրագրով «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի համար  2017 թվականին նախատեսվող գումարը 2016 թվականի համեմատ նվազել է 5 միլիոն դրամով և  կազմել 290 միլիոն դրամ:  Նշված նվազումը պայմանավորված է ՊՈԱԿ-ի համապատասխան հասեցում գտնվող մասնաշենքի պետական պահպանության ծառայության ծախսերի նվազեցմամբ և կոմունալ ծախսերի օպտիմալացմամբ:

Պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ ՊՈԱԿ-ի աշխատանքների արդյունավետության, տնտեսման ռեժիմի շրջանակներում միջոցների տրամադրման մասով նպատակահարմարության մասին, Ա.Գևորգյանն ասաց. «Միգուցե հանրության մի զգալի հատվածի համար ոչ տեսանելի  ինչ-որ աշխատանք է իրականացվում ՊՈԱԿ-ի կողմից, բայց ես գոնե համոզված եմ, որ շատ կարևոր  աշխատանք է իրականացվում հատկապես արտաքին տեղեկատվական մարտահրավերներին արձագանքման համար: Բավականին մեծ ջանքեր, ժամանակ, հնարավորություններ են պահանջում հատկապես մեր որոշ հարևանների կողմից տեղեկատվական դաշտում միջազգային տարբեր ասպարեզներում մեր երկրի հետ կապված տարբեր ապատեղակատվության տարածման կամ ինչ-որ խնդիրների համար: Կարող եմ ասել, որ հասցրել եմ երկու անգամ արդեն լինել ՊՈԱԿ-ում, հանդիպել ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ: Կարող եմ մեծ գոհունակությամբ ասել, որ շատ պատրաստված, դինամիկ, երիտասարդ թիմ է հավաքված, ամենակարևորը շատ նվիրումով է այդ աշխատանքն անում»։

Նա  նաև նշեց, որ «Պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի համար նախատեսված գումարը, այս տարվա համեմատ, ըստ էության չի նվազել,  նվազումը կազմում է 520 հազար դրամ, որը պայմանավորված է կոմունալ ծախսերի օպտիմալացմամբ:

Placeholder
2017-ի բյուջեի նախագծով Հայաստանի նախագահի աշխատակազմին հատկացվող գումարը կրճատվել է