ՔԱԳՎ վարչության պետ. Ցածրորակ ծառայությունը չի նշանակում ոչ անվտանգ թռիչք
Քաղաքական
16:02 01/11/2016
Հայաստան

ՔԱԳՎ վարչության պետ. Ցածրորակ ծառայությունը չի նշանակում ոչ անվտանգ թռիչք

Բյուջետային ավիաընկերությունների ծառայություններն ավելի ցածրորակ են, քան դասական ավիաընկերություններինը,-լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը՝ անդրադառնալով Գյումրու օդանավակայանից «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության կողմից իրականացվելիք չվերթներին:

«Դա նորմալ է, որովհետև ավիաընկերությունը շատ հարցերում խնայում է, նաև ծառայությունների քանակն է կրճատում, որպեսզի կարողանա նման մատչելի սակագներ առաջարկել: Օրինակ, նման դեպքերում օդանավում ըմպելիքն ու ուտելիքն անվճար չեն լինում, ուղեբեռը վճարովի է լինում, չվերթները սպասարկվում են ոչ բարձրակարգ օդանավակայաններում»,-ասաց Չոբանյանը:

Նա ընդգծեց, որ ծառայությունների ցածրորակ լինելը չի նշանակում անվտանգության ցածր մակարդակ:

«Չի կարող այնպես լինել՝ որևէ ավիաընկերություն, ունենալով անվտանգության խնդիր, հավասատագրվի իր երկրի կողմից ու թռիչքներ իրականացնի Հայաստան: Ավիաընկերությունն իր պարկում ունի  Բոինգ 737- 800 տիպի օդանավեր, որոնք օգտագործվում են նաև դասական մի շարք ավիաընկերություններ: Նորից եմ ասում, չկա նման բան: Օդանավի հին լինելը ո՞րն է, այն պետք է լինի անվտանգ, ճիշտ սպասարկվի: Այսինքն կարող է լինի մեկ տարվա օդանավ, բայց չզիջի երեկ արտադրված օդանավից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր՝  Գյումրու օդանավակայանից «Պոբեդա» ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից:

ՔԱԳՎ վարչության պետը նկատեց, որ հնարավոր դեմպինգի պարագայում  օրինախախտ ընկերությունը կպատժվի  օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

Placeholder
ՔԱԳՎ վարչության պետ. Ցածրորակ ծառայությունը չի նշանակում ոչ անվտանգ թռիչք