«Թուրքական ապրանքը մտնում է Հայաստան, վրան գրվում made in Armenia»
Տնտեսություն
16:22 02/11/2016
Հայաստան

«Թուրքական ապրանքը մտնում է Հայաստան, վրան գրվում made in Armenia»

Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը  բարձրաձայնեց ջերմատնների համար գազի սակագնի նվազման հարցը:
Նա Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց, թե տեղյակ է ինչի հաշվին է սակագինը նվազում:

Իգնատի Առաքելյանն ասաց՝  իրեն հետաքրքրում է այն որ գինը նվազել է, մնացածը չի հետաքրքրում: «Ես ուրախ եմ, որ ջերմատների համար սակագինը նվազել է»,- նշեց գյուղատնտեսության նախարարը:

Արամ Մանուկյանը նաև բարձրացրեց լոլիկի արտահանման հարցը:

«Ուզում եմ անդրադառնալ  լոլիկի էպոպեային: Մի ժամ առաջ էլ հանդիպել եմ Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի ղեկավարին:  Նա ինձ ասեց, որ 2015 թվականին անգամ 1000 տոննայի արտահանում չի եղել Հայաստանից, բայց պաշտոնական վիճակագրությամբ  դրանից քառասուն անգամ ավելի լոլիկ է արտահանվել Ռուսաստան: Ես բաց հայտարարում եմ, որ սա հանցագործություն է: Դուք տեղյա՞կ եք՝ ինչ է տեղի ունեցել: Եթե՝ այո, ապա այսպիսի պետական մակարդակի խաբեության դեմ առնելու համար ի՞նչ եք անելու»,- հարցրեց Արամ Մանուկյանը:

Իգնատի Առաքելյանը նշեց, որ տեղյակ չէ դետալներից, միայն ուրախ է, որ արտահանումն ավելանում է:

«Ես գիտեմ, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն այստեղ ուսումնասիրություններ է իրականացրել: Արդյունքը եղել է այն, որ հնարավոր է այդքան լոլիկ արտահանել Հայաստանից:: Եթե դուք ավելի մանրամասն տեղեկություններ ունեք, ապա կարող ենք քննարկել»,- ընդգծեց նա:

ՀԱԿ պատգամավորը արձագաքեց. «Կարող եմ հիմա ասել. թուրքական ապրանքը մտնում է Հայաստան, վրան գրվում made in Armenia և արտահանվում: Դա հայկական ապրանք չէ: Սա քրեական հանցագործություն է, եղեք հետևողական»:

Placeholder
«Թուրքական ապրանքը մտնում է Հայաստան, վրան գրվում made in Armenia»