Հիմա բոլորը սկսում են դառնալ ապրիլյան կռիվների մասնակից. Լևոն Մկրտչյան
Կրթություն, գիտություն
15:38 02/11/2016
Հայաստան

Հիմա բոլորը սկսում են դառնալ ապրիլյան կռիվների մասնակից. Լևոն Մկրտչյան

«Շատ են բերում փաստաթղթեր, որտեղ տարբեր տիպի ստորագրություններ են լինում, թե իրենք մասնակցել են ապրիլյան իրադարձոություններին», -այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին հայտարարել է Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Քաղաքացին հետաքրքրվում էր, թե արդյոք ապրիլյան պատերազմի մասնակիցների համար ուսման վարձի զեղչի մասով արտոնությունը կշարունակվի՞ նաև հաջորդ տարիներին:

Նախարարը նախ տեղեկացրեց, որ բուհական համակարգում մարտական ծառայություն անցած զինծառայողների համար տրվում է 30 տոկոս զեղչի իրավունք, իսկ ապրիլյան պատերազմի մասնակիցներին՝ առնվազն 50 տոկոս: Այնուհետև նախարար Մկրտչյանը ակնարկեց, որ ապրիլյան պատերազմին մասնակցելու վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի մասով որոշ թերահավատություն ունի:

«Շատ են բերում փաստաթղթեր, որտեղ տարբեր տիպի ստորագրություններ են լինում, թե իրենք մասնակցել են ապրիլյան իրադարձոություններին: Պետք է փորձենք հստակեցնել, թե որ ստորագրություններով են գալիս, հակառակ դեպքում ինչպես Շուշիի ազատագրման ժամանակ էր, մեկ էլ տեսնում էինք, որ բոլորը մասնակցել են Շուշիի ազատագրմանը: Այնպես էլ այս դեպքում՝ հիմա բոլորը սկսում են դառնալ ապրիլյան կռիվների մասնակից: Պետք է փորձենք ձևաչափը ճշտել, թե որտեղից պետք է ֆիքսվի, որ իսկապես այդ դեպքերի մասնակից է: Եվ եթե մասնակից են այդ երիտասարադները, մենք պարտավոր ենք նրանց բեռը, իսկապես, թեթևացնել», -լրատվամիջոցի ուղիղ եթերում հայտարարեց նախարարը:

Ինչ վերաբերում է արտոնության շարունակականությանը, նախարարը վստահեցրեց, թե այն կշարունակվի. «Վստահ, կշարունակվի, եթե դրա վերաբերյալ հարց ունենան, թող կոնկրետ ինձ դիմեն»:

Նախարարը վերջում այլ բան նկատեց. «Ամեն օր դիրքում կանգնած երիտասարդը ապրիլի մեջ է, ի՞նչ տարբերություն՝ ուժեղ հարձակում եղա՞վ, թե՞ գնդակոծվեց: Ավելի շատ խնդիրը պետք է նայենք մարտական հերթապահության ձևաչափով: Որովհետև խոսում ենք 18-19 տարեկան երեխաների մասին, որոնք ամեն օր դիրք են պահում: Դրա համար մարտական հերթափոխի մասով պետք է հասկանանք՝  ինչ անել»:
 

Placeholder