Հաջորդ տարի  Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակը բարձրանալու է. Արտեմ Ասատրյան
Քաղաքական
12:51 02/11/2016
Հայաստան

Հաջորդ տարի Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակը բարձրանալու է. Արտեմ Ասատրյան

2017 թվականին Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակը բարձրանալու է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հարցին, թե ի՞նչ կանխատեսում ունի հաջորդ տարվա համար,  Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա ծրագրի շրջանակներում այն բոլոր միջոցառումներն ու ուղղությունները, որոնք ներկայացված են, պետք է նաև սոցիալական բեռի թեթևացման բերեն»:

Նա միաժամանակ նշեց, որ վերլուծություն չկա, թե աղքատությունը քանի տոկոսով կկրճատվի նոր կառավարության ծրագրի իրականացման արդյունքում: Ըստ Արտեմ Ասատրյանի՝  աղքատության չափումն իրականացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ. «Եթե չեմ սխալվում, առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն ԱՎԾ-ն կներկայացնի 2015 թվականի տվյալները»:

Հարցին, թե ի՞նչ չափով կբարելավվի հասարակության կենսամակարդակը, Արտեմ Ասատրյանը ասաց, որ նման գնահատական ևս չեն կարող տալ, քանի որ դա ոչ մասնագիտական կլինի:

«Ես նկատի ունեմ այն ուղղությունները, որոնք ներկայացված են, պետք է նաև սոցիալական բեռի թեթևացման բերեն: Մասնավորապես, էլեկտրաէներգիայի և գազի սակագնի տարբերակված մոտեցումը՝ սոցիալապես անապահով ընտանիքների մասով:  Սակագների նվազում կլինի նաև ջերմոցային տնտեսությունների և գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվողների համար, և եթե ամբողջ շղթան ենք դիտարկում, այն բացառապես ուղղված է լինելու սոցիալական խնդիրների լուծմանը, քանի որ գյուղոլորտում շատ արտադրողներ ունենք և դա խթան է, որ քաղաքացիներն իրենց աշխատանքի արդյունքում լրացուցիչ եկամուտներ ստանան»,- ասաց Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ բոլոր այն ծրագրերը, որոնք շարունակական բնույթ են կրելու, հնարավորություն կընձեռեն, որ մեր քաղաքացիների սոցիալական բեռը հնարավորինս թեթևանա:

Դիտարկմանը, թե ֆինանսների նախարարի խոսքերով՝  կենսաթաշակների և աշխատավարձերի հետագա բարձրացումը զոհաբերել են կայունության համար, այդ դեպքում սոցիալական կայունությունն ինչպե՞ս են ապահովվելու, երբ աղքատութան և գործազրկութան մակարդակը բարձրանում է,  Արտեմ Ասատարյանը նշեց. «2017 թվականի բյուջեի առանձնահատկությունները պայմանավորված են այն ուղղություններով , որոնք մենք ունենք: Այսինքն՝ այն սահմանափակումները պետք է հաշվի առնենք, որը կա մի դեպքում պարտքի առումով, մյուս դեպքում՝ հնարավոր եկամուտների առումով: Հետևաբար, երբ իրականացվում է պետական բյուջեում համապատասխան ծախսային քաղաքականության միջոցների բաշխում, հաշվի են առնվում բոլոր առաջնահերթությունները»:

Ըստ Արտեմ Ասատրյանի՝ սոցիալական պաշտպանության ոլորտը եղել է, կա և միշտ կլինի առաջնահերթություն, պաշտպանության ոլորտը նույնպես շարունակելու է մնալ առաջնահերթություն:

«Այսինքն՝ այն ծախսային ուղղությունները, որոնք առաջնահերթություններ են, վստահ եղեք, որ առաջին հերթին միջոցներն ուղղվում են հենց այդ ոլորտներին: Եթե 2017 թվականի բյուջեի նախագծում 30 մլրդ լրացուցիչ միջոց չի գտնվել կենսաթոշակների չափերի բարձրացման համար, սա է ձեր հարցի պատասխանը: Մենք 2017 թվականի բյուջեի շրջանակներում լրացուցիչ միջոցներ չենք ունեցել եկամուտների առումով, հետևաբար, սա արտահայտվել է նաև ծախսային քաղաքականության վրա»,- ընդգծեց սոցապ նախարարը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Հաջորդ տարի Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակը բարձրանալու է. Արտեմ Ասատրյան