Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմա բոլորը սկսում են դառնալ ապրիլյան կռիվների մասնակից. Լևոն Մկրտչյան
«Շատ են բերում փաստաթղթեր, որտեղ տարբեր տիպի ստորագրություններ են լինում, թե իրենք մասնակցել են ապրիլյան իրադարձոություններին», -այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին հայտարարել է Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Քաղաքացին հետաքրքրվում էր, թե արդյոք ապրիլյան պատերազմի մասնակիցների համար ուսման վարձի զեղչի մասով արտոնությունը կշարունակվի՞ նաև հաջորդ տարիներին:
Նախարարը նախ տեղեկացրեց, որ բուհական համակարգում մարտական ծառայություն անցած զինծառայողների համար տրվում է 30 տոկոս զեղչի իրավունք, իսկ ապրիլյան պատերազմի մասնակիցներին՝ առնվազն 50 տոկոս: Այնուհետև նախարար Մկրտչյանը ակնարկեց, որ ապրիլյան պատերազմին մասնակցելու վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի մասով որոշ թերահավատություն ունի:
«Շատ են բերում փաստաթղթեր, որտեղ տարբեր տիպի ստորագրություններ են լինում, թե իրենք մասնակցել են ապրիլյան իրադարձոություններին: Պետք է փորձենք հստակեցնել, թե որ ստորագրություններով են գալիս, հակառակ դեպքում ինչպես Շուշիի ազատագրման ժամանակ էր, մեկ էլ տեսնում էինք, որ բոլորը մասնակցել են Շուշիի ազատագրմանը: Այնպես էլ այս դեպքում՝ հիմա բոլորը սկսում են դառնալ ապրիլյան կռիվների մասնակից: Պետք է փորձենք ձևաչափը ճշտել, թե որտեղից պետք է ֆիքսվի, որ իսկապես այդ դեպքերի մասնակից է: Եվ եթե մասնակից են այդ երիտասարադները, մենք պարտավոր ենք նրանց բեռը, իսկապես, թեթևացնել», -լրատվամիջոցի ուղիղ եթերում հայտարարեց նախարարը:
Ինչ վերաբերում է արտոնության շարունակականությանը, նախարարը վստահեցրեց, թե այն կշարունակվի. «Վստահ, կշարունակվի, եթե դրա վերաբերյալ հարց ունենան, թող կոնկրետ ինձ դիմեն»:
Նախարարը վերջում այլ բան նկատեց. «Ամեն օր դիրքում կանգնած երիտասարդը ապրիլի մեջ է, ի՞նչ տարբերություն՝ ուժեղ հարձակում եղա՞վ, թե՞ գնդակոծվեց: Ավելի շատ խնդիրը պետք է նայենք մարտական հերթապահության ձևաչափով: Որովհետև խոսում ենք 18-19 տարեկան երեխաների մասին, որոնք ամեն օր դիրք են պահում: Դրա համար մարտական հերթափոխի մասով պետք է հասկանանք՝ ինչ անել»: