ՔԱԳՎ. «Զվարթնոց» օդանավակայանի գները հարմար չեն  բյուջետային ավիաընկերության համար
Տնտեսություն
15:45 03/11/2016
Հայաստան

ՔԱԳՎ. «Զվարթնոց» օդանավակայանի գները հարմար չեն բյուջետային ավիաընկերության համար

«Պոբեդա» ավիաընկերությունը հրաժարվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ իրականացնել դեպի Դոնի Ռոստով: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ,  պատճառը ուղևորների սպասարկման բարձր գներն են:

«Մենք որոշել ենք հրաժարվել դեպի Երևան թռիչքներից «Զվարթնոց»-ի՝ ուղևորների սպասարկման չափազանց բարձր գների պատճառով: Այն մեկ ուղևորի համար կազմում է 50 եվրո, ավելի շատ քան մեր սակագին է»,-գործակալությանն ասել է աղբյուրը:

Աղբյուրը հիշեցնում է, որ  շաբաթական չորս անգամ Դոնի Ռոստով-Երևան  և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնելու թույտվություն ընկերությունը ստացել էր այս տարվա հուլիսին, սակայն այդպես էլ  թռիչքներ չիրականացրեց:

ՔԱԳՎ մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով տեղեկատվությունը նշեց.

««Զվարթնոց»-ը բյուջետային ավիաընկերություններին սպասարկող օդանավակայան չէ, և նախընտրել էր թռիչքներն իրականացնել «Շիրակ» օդանավակայանից: Բնականաբար՝ «Զվարթնոց» օդանավակայանի գները հարմար չեն  բյուջետային ավիաընկերության համար»:

Ս. Հովհաննիսյանի խոսքով, ամբողջ աշխարհում ընդունված ու նորմալ երևույթ է, երբ  բյուջետային ավիաընկերությունները թռիչքներ իրականացնում են «ոչ դասական» օդանավակայաններից:

Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռոսավիացիան ավիափոխադրողին թույլտվություն էր տրամադրել Մոսկվայից թռիչքներ իրականացնել Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրի:

Placeholder
ՔԱԳՎ. «Զվարթնոց» օդանավակայանի գները հարմար չեն բյուջետային ավիաընկերության համար