ԵՄ-ի հետ այժմ քննարկվող համաձայնագրով երկուստեք մաքսատուրքերի զրոյացում չի նախատեսվում. Գ. Մելքոնյան
Տնտեսություն
15:49 03/11/2016
Հայաստան

ԵՄ-ի հետ այժմ քննարկվող համաձայնագրով երկուստեք մաքսատուրքերի զրոյացում չի նախատեսվում. Գ. Մելքոնյան

Հայաստան-Եվրոպական միություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները շարունակվում են, արդեն կայացել է վեց փուլ՝ հինգը լիագումար նիստերի տեսքով, մեկը՝ միջանկյալ,- Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագիծը քննարկելիս ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

Նա նշեց, որ հաջորդ նիստը կայանալու է այս տարվա դեկտեմբերին Բրյուսելում:

«Լիահույս ենք, որ հնարավորություն կունենանք մոտ ապագայում ավարտին հասցնելու կարևորագույն այս գործընթացը»,- ասաց նա:

Պատասխանելով պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե այդ փաստաթղթում տնտեսական բաղադրիչն ի՞նչ ծավալով է, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցելով դեռևս «պլյուսները, խերը»  չեն տեսել, Կ. Նազարյանն ասաց, որ բանակցությունները երեք հիմնական ուղղությունով են ընթանում՝ քաղաքական երկխոսություն, ոլորտային համագործակցությու և առևտրի վերաբերյալ: 

Քննարկմանը ներկա էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ասաց, որ համեմատելով ասոցացման համաձայնագրի հետ, որը չստորագրվեց՝  տարբերություններ կան:

«Հիմնական տարբերությունն այն է, որ այժմ քննարկվող համաձայնագիրն իր բնույթով ազատ առևտրի համաձայնագիր չէ, երկուստեք մաքսատուրքերի զրոյացում չի նախատեսվում»,- ասաց Գ. Մելքոնյանը:

Նա նշեց, որ նախկինում նախատեսված բոլոր ոլորտներն այսօր բանակցում են, իհարկե, որոշ ուղղություններում պակաս պարտավորություններ ստաձնելով՝ հաշի առնելով Հայաստանի՝ այլ ինտեգրման ձևաչափերում արդեն իսկ ստանձնած պարտավորությունները:


 

Placeholder
ԵՄ-ի հետ այժմ քննարկվող համաձայնագրով երկուստեք մաքսատուրքերի զրոյացում չի նախատեսվում. Գ. Մելքոնյան