«Հայֆիլմ»-ը՝ որպես կինոարտադրող կազմակերպություն վերագործարկելու հնարավորություն պետությունը չունի
Մշակույթ
19:09 04/11/2016
Հայաստան

«Հայֆիլմ»-ը՝ որպես կինոարտադրող կազմակերպություն վերագործարկելու հնարավորություն պետությունը չունի

«Հայֆիլմ»-ը մեր պրոբլեմատիկ ծրագրերից մեկն է,- Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե ի՞նչ է մտածում մշակույթի նախարարությունը «Հայֆիլմ» կինոստուդիայի՝ որպես բրենդի, վերագործարկման մասին:

Փոխնախարարն ասաց, որ երբ 2003-2004 թվականին մասնավորեցվեց «Հայֆիլմ»-ը, երկու բաղադրիչ էր ներառում իր մեջ՝ գույքի, շինության մասնավորեցում, կինոժառանգության թվայանացում:

«410 ֆիլմ առաջնահերթ պահպանման կարիք ուներ: Այդ ժամանակ պետությունը պարտադրեց, որ ձեռք բերող ընկերությունը թվայնացնի: Այդ գործընթացի պատասխանատուն մշակույթի նախարարությունն էր»,- նշեց Ա. Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այդ կազմակերպությունը թվայնացումը կազմակերպել էր ոչ ճիշտ, 410-ից 350-ն էր թվայնացրել, այն էլ վատ որակի. «Պատճառներից մեկը, որ «Հայֆիլմ»-ը հետ վերցվեց և պետականացվեց՝ նաև այս հանգամանքն էր: Պետությունը հիմա իր միջոցներով է փորձում շարունակել թվայնացումը: 2015-ին արդեն թվայնացվել է 18 ֆիլմ: Դժվար գործընթաց է, «Ռուսֆիլմ»-ի հնարավորություններով ենք փորձում իրականացնել»:

Մշակույթի փոխնախարարը նշեց, որ «Հայֆիլմ»-ն այսօր պետության կողմից հիմնադրված ՓԲԸ է, որը տնօրինում է Պետական գույքի կառավարման վարչությունը:

««Հայֆիլմ»-ը՝ որպես կինոարտադրող կազմակերպություն վերագործարկելու հնարավորություն պետությունն այսօր չունի: Ֆինանսական լուրջ ներդրումներ են պետք: Մշակույթի նախարարը որոշ բանակցություններ է վարում միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես Չինաստանի դեսպանի հետ խոսակցություններ կան՝ հնարավորինս միջոցներ փորձել ներգրավել «Հայֆիլմ»-ի վերագործարկման համար»,- ասաց Ա. Պողոսյանը:

Միքայել Մելքումյանն արձագանքեց. «Ո՞վ պետք է  պատասխան տա, որ «Հայֆիլմ» բրենդը, ըստ էության, կորցնում ենք: Ի՞նչ է նշանակում, որ պետգույքի վարչության բալանսում է, այսինքն գույք է հա՞ դարձել:  Ամենավատ բանն է, երբ որ «Հայֆիլմ»-ը լինելով ՓԲԸ, գույք է դիտարկվում, որ գտնվում է այդ վարչության հաշվեկշռում: Այդպես չպետք է լինի»:

Արթուր Պողոսյանը նշեց, որ «Հաֆիլմ» բրենդը պետության սեփականությունն է մնացել:

Placeholder
«Հայֆիլմ»-ը՝ որպես կինոարտադրող կազմակերպություն վերագործարկելու հնարավորություն պետությունը չունի