Կարեն Կարապետյան. Արցախի վարչապետի հետ մենք գաղափարակիցներ ենք
Քաղաքական
14:51 05/11/2016
Հայաստան

Կարեն Կարապետյան. Արցախի վարչապետի հետ մենք գաղափարակիցներ ենք

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ԼՂՀ Ազգային ժողով, որտեղ առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Այնուհետև վարչապետ Կարապետյանը և Աշոտ Ղուլյանը հանդիպել են ԼՂՀ խորհրդարանի հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ:

ԼՂՀ ԱԺ նախագահն ողջունել է ՀՀ վարչապետի և կառավարության անդամների հետ հանդիպման ձևաչափը՝ նշելով, որ այն Կարեն Կարապետյանի նախաձեռնությունն է: Ղուլյանի խոսքով՝ հանդիպումը նպատակ ունի քննարկել Արցախի և Հայաստանի միջև արդեն բարձր մակարդակի կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված հետագա քայլերը:

Կարևորելով Արցախի խորհրդարանականների հետ հանդիպումը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն հնարավորություն կտա լսել նրանց դիտարկումներն ու տեսակետները՝ Հայաստանի և Արցախի տնտեսությունների զարգացման, անվտանգության բարձրացման վերաբերյալ:

  ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մինչ այդ տեղի է  ունեցել Հայաստանի և Արցախի վարչապետերի հանդիպումը:
Երկու կառավարությունների անդամները, վարչապետների գլխավորությամբ, սկզբում այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել այնտեղ: Այնուհետև կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գործադիր մարմինների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու խնդիրները: Ողջունելով ՀՀ գործընկերներին՝ Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հրավերն ընդունելու համար: Արցախի իշխանությունների անունից նա շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ ԼՂՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին արժանանալու առթիվ:

Արցախի Հանրապետության վարչապետը հաջողություններ է մաղթել Կարեն Կարապետյանին՝ նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

« Այն վստահությունը, որ այսօր կա հայ ազգի մոտ՝ ոչ միայն ՀՀ-ում, ԼՂՀ-ում, այլ նաև՝ Սփյուռքում, համոզված եմ, որ արդարացվելու է: Ոչ միայն ՀՀ-ն է Ձեր պաշտոնավարման ժամանակ հաջողություններ արձանագրելու, այլ նաև Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության առումով արդյունքները ևս պայմանավորված են լինելու Ձեր հաջողություններով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ իրեն պարտավորված է զգում և գործնական է տրամադրված երկու կառավարությունների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և փորձի փոխանակումն ընդլայնելու գործում:

«Արցախի Հանրապետության վարչապետի հետ մենք գաղափարակիցներ ենք, և տնտեսության զարգացման մեր պատկերացումները նույնն են: Ուստի, ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք՝ առկա խնդիրների վերհանման և քննարկման ժամանակ, ինչպես նաև  հետագա համագործակցության ընթացքում դրանց լուծումներ տալու  գործում»,- նշել է ՀՀ վարչապետը:

Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ հետագա անելիքների վերաբերյալ:












Placeholder
Կարեն Կարապետյան. Արցախի վարչապետի հետ մենք գաղափարակիցներ ենք