Կպայքարեմ, կտեսնեք. ՊԵԿ նախագահ
Տնտեսություն
15:39 07/11/2016
Հայաստան

Կպայքարեմ, կտեսնեք. ՊԵԿ նախագահ

«Մեկ ամիս է, ինչ ես բիզնեսի ներկայացուցիչ չեմ, բայց 25 տարի եղել եմ խոշոր բիզնեսի ներկայացուցիչ և շատ լավ գիտեմ բոլոր պրոբլեմները, որոնք պետք է լուծել բիզնեսի համար, որպեսզի դաշտն ավելի բացվի: Այնպես որ, քայլերը կանենք, կտեսնեք»,- այս մասին այսօր Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Վարդան Հարությունյան՝ պատասխանելով հարցին, թե ինչ են նախատեսում անել բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ու միջավայր ստեղծելու ուղղությամբ:

Նրա խոսքերով՝ պայքարելու է ստվերի դեմ. «Կպայքարեմ, կտեսնեք: Կա՛մ պիտի պայքարենք, կա՛մ չպայքարենք: Ես միտված եմ պայքարելու»:

Դիտարկմանը, թե կկարողանա՞  պայքարել, քանի որ  տնտեսությունն օլիգարխների ձեռքում է, Վարդան Հարությունյանը պատասխանեց՝ այո, կկարողանան. «Ո՞նց ենք պայքարելու, պայքարելու ենք պայքարելով»:

Հարցին, թե ՊԵԿ նախագահն ասում է, որ պայքարելու է, բայց, օրինակ, վերջերս հայտնի դարձավ, որ խոշոր ընկերություններից «Ալեքս Գրիգ» ընկերությունը 2 մլրդ դրամով պակաս հարկեր է վճարել, Վարդան Հարությունյանը նշեց, թե ինչո՞ւ են  նման գնահատական տալիս, հնարավոր է՝  իրենց շրջանառությունն է  նվազել:

«Բերեք հասկանանք՝ հարկերն ինչի արդյունքում են իջել, ներմուծումներն ու շրջանառությո՞ւնն է նվազել, թե դա ստվեր է: Եթե դա ստվեր է, ես ձեզ հավաստիացնում եմ, որ պայքարելու եմ: Իսկ եթե դա ընդամենը շրջանառության նվազման արդյունքում է, դա այլ խնդիր է: Հիմա ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ձեզ կպատասխանեմ վաղը»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե ով ինչ ապրանք ուզում է, կարող է ներկրել Հայաստան, Վարդան Հարությունյանը նշեց, որ այդ հայտարարությունից հետո դիզվառելիքի և բանանի շուկաներում նոր ներկրողներ կան. «Մեկ-երկու մեքենա արդեն ներկրվել է, հարկային ու մաքսային մարմինների կողմից ոչ մի խոչընդոտ չի եղել»:

Որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի ուսումնասիրեն և հայտարարեն, թե ովքե՞ր են ստվերում և ինչ գործունեություն են իրականացնում, ՊԵԿ նախագահն ասաց. «Ես իմ փոխարեն եմ պատասխան տալիս, կարող եմ ասել այն, ինչ ես եմ անելու: Իհարկե, պետք է յուրաքանչյուր հարկային տեսչության պետ իր տարածքում գույքագրի, հասկանա, ներկայացնի, եթե կա ստվեր, պետք է ես տեղը իմանամ: Շատ կարճ ժամանակ է պետք դրա համար, երկար ժամանակ պետք չէ: Դրանից հետո պետք է պայքարել դրա դեմ, որը և անելու եմ: Ասում եք՝ ո՞նց եք պայքարելու, տարբեր ձևեր կան, միակ ձևը՝ պետք է պայքարել»:

Խոսելով ՊԵԿ-ում կադրային փոփոխությունների մասին, Վարդան Հարությունյանը նշեց, որ ՊԵԿ-ը համալրում են և իր  մարդկանցով, և  պրոֆեսիոնալներով և այդ համալրումը դեռ շարունակվում է: «Այն մարդիկ, որոնք իմ կողմից դրված խնդիրները չեն կարողանալու կատարել, միանշանակ լքելու են թիմը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ այսօր խաղի կանոն է փոխվել, և այդ խաղի կանոնը ինքն է ֆիքսում. «Ես ունեմ իմ ֆիքսած խաղի կանոնը և պետք է աշխատեմ այն թիմի հետ, որը ես եմ ընտրել»:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է հարկահավաք մարմնից իսկապես հարկային մարմնի վերածի կառույցը,  Վարդան Հարությունյանը մանրամասնեց. «Մենք պետության ներկայացուցիչն ենք յուրաքանչյուր բացված բիզեսի մեջ՝ հարկերի տեսքով: Պետությունը հանդիսանում է փայատեր ցանկացած բիզնեսում, և այդ  փայի ներկայացուցիչը հարկային մարմիններն են: Եթե բիզնեսմենը պարկեշտ և առանց խաբելու պետության փայաբաժինը վճարում է, մենք պետք է ուղղակի խթանենք այդ բիզնեսի զարգացմանը: Իսկ եթե կլինեն բիզնեսմեններ, որոնք կփորձեն թաքցնել, պայքարելու ենք նաև այդ բիզեսմենների դեմ»:

Լրագրողների ճշտող հարցին՝ ՊԵԿ նորանշանակ նախագահը բիզնես ունի՞, Վ.Հարությունյանն ասաց. «Ես բիզնես ունեցել եմ, իմ ընտանիքն ունի՞, ունի»: Միաժամանակ նա բացառեց, որ իր կողմից հովանավորչություն կամ խտրական վերաբերմունք կլինի իր ընտանիքի բիզնեսի հանդեպ. «Բացառվում է»:

Դիտարկմանը, թե իր հայտարարագրում ներկայացված հարստությունն իր բիզնեսի միջոցո՞վ է ձեռք բերել, նա պատասխանեց. «Իսկ ձեզ ո՞նց է թվում, եթե ես բիզնեսմեն եմ եղել, հաջողակ բիզնեսմեն 25 տարի, ի՞նչ պետք է լիներ, պետք է վաստակ չունենայի այդ բիզնեսո՞ւմ: Եթե ես հաջողակ չլինեի, ուրեմն հայտարարագրումս չէր լինի այն, ինչ կա»:

Պատասխանելով հարցին, թե իր նախորդները  մշտապես ստվերի դեմ պայքարից են խոսել և ինչ երաշխիք կա, որ իրեն հաջողվելու է հաջողություններ արձանագրել, Վարդան Հարությունյանը նշեց. «Ես նախորդների փոխարեն չեմ կարող պատասխանել: Երաշխիքը իմ անձն է, եթե վստահում եք, վստահեք ու պահանջեք»:

Placeholder
Կպայքարեմ, կտեսնեք. ՊԵԿ նախագահ