Գևորգ Կոստանյան. «Առողջությանս հետ կապված մտահոգությունները փարատվել են»
Քաղաքական
11:36 07/11/2016

Գևորգ Կոստանյան. «Առողջությանս հետ կապված մտահոգությունները փարատվել են»

«Մեր հասարակության մոտ  ընդունված չէ, որ մարդը կարող է հրաժարական տալ գլխավոր դատախազի կամ ընդհանրապես՝  որևէ  այլ պաշտոնից»,- արձագանքելով   առողջական խնդիրների պատճառով   լիազորությունները վայր դնելու հիմնավորմանը չհավատացողներին՝ ասել է Գևորգ Կոստանյանը  «Արմենիա» հեռուստաընկերության  «Ռ-էվոլյուցիա» հաղորդման շրջանակում:

Նախկին գլխավոր դատախազը նշել է, որ վերապահումներով է մոտենում այն՝  երբեմն նույնիսկ  ֆանտաստիկ  վարկածներին, որոնք դրվում էին իր հրաժարականի հիմքում:  

«Անկեղծ եմ իմ դիրքորոշումը ներկայացրել, որ առողջական խնդիրներից ելնելով եմ   հայտարարել իմ լիազորությունների դադարեցման մասին : Բարեբախտաբար, դա ավելի շատ մտահոգություն էր, քան ռեալ պատճառ: Այս ընթացքում բժշկական հետազոտություների ենթարկվեցի, և փառք Աստծո,   այդ մտահոգությունները վերջնականապես փարատվեցին:  Այլևս այդ մասին խոսելու առիթ և անհրաժեշտություն չենք ունենա»,- ասել է Գ. Կոստանյանը:

Նախկին գլխավոր դատախազը հերքել է նաև այն խոսակցությունները, համաձայն որոնց  իր հրաժարականի պատճառը   «Սասնա ծռեր» զինված խմբավորմանը վերաբերող   հայտարարությունն էր՝ հանձնվելու դեպքում նրանց   քրեական պատասխանատվությունից ազատելու մասին:  Գ. Կոստանյանն ընդգծել է, որ հայտարարությունն անելիս հիմնվել է «Քրեական օրենսգրքի»  վրա:

Ինչ վերաբերում է հետագայում պետական այլ պաշտոն զբաղեցնելու կամ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու մասին լուրերին,   ապա Գ. Կոստանյանը նշել է, որ   իր  ամբողջ կենսագրության ընթացքում ներգրավված է եղել պետական ծառայության մեջ, մասնավոր կամ տնտեսական գործունեությամբ չի զբաղվել, ուստի առողջական խնդիրներով մտահոգությունը փարատվելուց կհստակեցվի նաև  ապագայում այդ ներգրավվածության բնույթը,      ինչն   արդեն հանրապետության նախագահի հետ քննարկման առարկա է: 

«Ես չունեմ բավարար տեղեկատվություն, որպեսզի հերքեմ կամ հաստատեմ: Խնդիրն այն է, որ այս պահի դրությամբ ես կառավարության լիազոր ներկայացուցիչն եմ ՄԻԵԴ-ում , արդեն իսկ  իմ պետական պաշտոնը զբաղեցնում եմ և իմ ծառայությունը մատուցում եմ երկրին»,-ասել է Գ. Կոստանյանը:

Placeholder
Գևորգ Կոստանյան. «Առողջությանս հետ կապված մտահոգությունները փարատվել են»