«ՄԻԵԴ-ում մեկ հայ փասխտականի գործով վճռի կատարումը հանգեցնելու է մյուսների իրավունքների վերականգնմանը». Կոստանյան
Իրավունք
11:46 07/11/2016
Հայաստան

«ՄԻԵԴ-ում մեկ հայ փասխտականի գործով վճռի կատարումը հանգեցնելու է մյուսների իրավունքների վերականգնմանը». Կոստանյան

Անդրադառնալով եվրոպական դատարանում  «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն  ընդդեմ Ադրբեջանի» գործերով ՄԻԵԴ Մեծ պալատի կայացրած վճիռների կատարման ընթացիքն՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում ընդգծել է, որ  ԵԽ  Նախարարների կոմիտեի եզրահանգմամբ՝   այս երկու գործերը հավասարազոր չեն՝ առնվազն մեկ պատճառով. եթե Սարգսյանի դեպքում որպես  սուբյեկտ հանդիսանում է միայն Ադրբեջանի Հանրապետությունը, ապա Չիրագովների դեպքում   առնվազն երկու   սուբյեկտի   մասնակցություն է  անհրաժեշտ:

Այսպիսով` ԼՂՀ,  լինելով միջազգայնորեն չճանաչված պետություն, սակայն համապատասխանելով    պետությանը բնորոշ բոլոր չափանիշներին,  մեխանիկորեն կարող է ստանալ  «միջազգային որոշակի իրավասուբյեկտություն»՝ առնվազն  իր երկրի տարածքում մարդու իրավունքների  պաշտպանության տեսանկյունից:

«Հետևաբար, Չիրագովի վճռի կատարման կամ չկատարման, կատարման եղանակների, չկատարման եղանակների հետ կապված հարցերը բոլոր դեպքերում պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի ուղիղ մասնակցությամբ, իսկ  սա շատ կարևոր  է: Սա  այն դեպքերից  մեկն է, երբ ԼՂՀ  միջազգային հարթակում կարող է ներկայացնել իր ինքնուրույն դիրքորոշումը»,- ընդգծել է Գ. Կոստանյանը:

Գ. Կոստանյանը  տեղեկացրել է նաև, որ  ՄԻԵԴ-ում  արդեն քննարկվում է «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի հանրապետության» գործով վճռի կատարման փուլը: Նախատեսվում է, որ գարնանը Ադրբեջանի կառավարությունը կներկայացնի այն ճանապարհային քարտեզը, որով պատրաստվում է լուծել հայ փախստականի գույքային իրավունքները:

«Եվրոպական դատարանում մենք ունենք   750-800 հայց՝   մեր փախստականների անունից, և այս մեկ որոշման, այս մեկ վճռի կատարումը մեխանիկորեն   հանգեցնելու է   մյուս հայ  փախստականների իրավունքների վերականգնմանը»,-եզրակացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի սպանության գործին, Գևորգ Կոստանյանը նշել է, որ գործով ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ում ներգրավվել է որպես 3-րդ կողմ և  սպառիչ   ներկայացրել է իր դիրքորոշումը    թե՛  Հունգարիայի  կառավարության  գործողությունների,   թե՛  Ադրբեջանի կառավարության, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի գործողությունների վերաբերյալ:

«Մենք հիմնավորել ենք, որ Հունգարիայի կառավարության գործողություններն ուղղակիորեն հանգեցրել են եվրոպական կոնվենցիոն իրավունքների և  միջազգային փաստաթղթերի խախտմանը: Միաժամանակ հիմնավորել ենք, որ Ադրբեջանի կառավարության, իսկ ավելի շատ՝ Ադրբեջանի նախագահի գործողությունը՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը,   ինքնին, որպես առանձին ակտ, խախտել է  եվրոպական ամենակարևոր արժեքը՝ կյանքի իրավունքի  նկատմամբ հարգանքը :

Եվ ես համոզմունք ունեմ, որ մենք առնվազն եկող տարվա մեջ կունենանք վճիռ: Հույս ունեմ, որ այդ վճռով հստակ կարձանագրվի և՛ հունգարական կառավարության, և՛    հատկապես  Ադրբեջանի նախագահի գործողությունների անօրինականությունը և կոնվենցիոն հակասությունը»,- ասել է Գ. Կոստանյանը:

Placeholder
«ՄԻԵԴ-ում մեկ հայ փասխտականի գործով վճռի կատարումը հանգեցնելու է մյուսների իրավունքների վերականգնմանը». Կոստանյան