Հայաստանում այսօր գրանցված է իտալական կապիտալի մասնակցությամբ 130-ից ավելի ձեռնարկություն
Տնտեսություն
19:18 08/11/2016
Հայաստան

Հայաստանում այսօր գրանցված է իտալական կապիտալի մասնակցությամբ 130-ից ավելի ձեռնարկություն

Հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը համապատասխան չէ պոտենցիալ հնարավորություններին: Պաշտոնական այցով Երևան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման ներուժը շատ ավելի բարձր է:

Վարչապետի խոսքով,  կառավարության ծրագրի կարևորագույն ուղղություններից են բարեփոխումների իրականացումը, արտահանման խթանումը և ներդրողների համար առավելագույն գրավիչ պայմանների ստեղծումը: Այդ համատեքստում, վարչապետը նշել է, որ առաջիկայում դիվանագիտական խողովակներով արտաքին գործընկերներին կներկայացվեն ներդրումային տարբեր ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք կարող են հետաքրքրել նաև իտալացի ներդրողներին:

Նշելով, որ Հայաստանում այսօր գրանցված է իտալական կապիտալի մասնակցությամբ 130-ից ավելի ձեռնարկություն՝ գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կան համագործակցության լայն հնարավորություններ տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Պաոլո Ջենտիլոնին ևս ընդգծել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ ներկայում ընթացքի մեջ են երկկողմ համագործակցությամբ իրականացվող ներդրումային ծրագրեր, այդ թվում՝ ՀՀ-ում ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը և համաձայնել, որ տնտեսության տարբեր ճյուղերում կան փոխգործակցության լավ նախադրյալներ:

Այդ առումով, զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը և նշել, որ այն կարող է նպաստել գործարար կապերի սերտացմանը, ներդրումային կոնկրետ ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը:

Պաոլո Ջենտիլոնին ողջունել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և նշել, որ մեր երկրի ներդրումային գրավչությունը պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ:


 

Placeholder
Հայաստանում այսօր գրանցված է իտալական կապիտալի մասնակցությամբ 130-ից ավելի ձեռնարկություն