Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավտոտրանսպորտային միջոցների ներկրման մաքսային ձևակերպումներն այսուհետ կկատարվեն ընդամենը 30 րոպեում
Ավտոտրանսպորտային միջոցների ներկրման մաքսային ձևակերպումներն այսուհետ կկատարվեն ընդամենը 30 րոպեում: ՀՀ վարչապետի և ՊԵԿ նախագահի հանձնարարականներով մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում: Այսօր դրանք լրագրողներին ներկայացրեց ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը:
«Մասնավորապես, եթե նախկինում բրոքերային ծառայությունը զբաղվում էր միայն հայտարարագրի լրացմամբ, իսկ մնացած գործընթացը քաղաքացին ինքնուրույն էր իրականացնում, ապա նոր կարգի համաձայն, ավտոմեքենայի սեփականատերը փաստաթղթերի փաթեթը հանձնում է բրոքերային ծառայությանը, որը 20 րոպեում ապահովում է մնացած բոլոր ընթացակարգերը, գործընթացը տևում է 30 րոպե»,-ասաց Բ. Ղազարյանը:
Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես սկսել է իրականացվել մաքսատանը: Բաբկեն Ղազարյանի խոսքով՝ նախկինում ավտոմաքսատնից ուղեկցող բեռն ուղարկվում էր մաքսային պահեստ, այնուհետև տարածաշրջանային մաքսատուն, որտեղ և քաղաքացիները կարողանում էին մաքսազերծել ու ստանալ այն:
ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրվում է միջազգային ավտոշուկայում մեքենաների ձեռք բերման գինը, և, եթե փաստաթղթերը արժանահավատ են, ապա հիմք են ընդունվում նրա ներկայացրած տվյալները, մեքենան գնահատվում է ձեռք բերված արժեքով և մաքսազերծումն իրականացվում է գործարքի գնի մեթոդով:
«Նոր բարեփոխումների արդյունքում այժմ մեքենայի սեփականատերը հնարավորություն ունի ավտոմաքսատանը համակարգիչների միջոցով մաքսային ծառայողների հետ համատեղ դիտարկել ներկրած ավտոմեքենայի միջազգային գնային առաջարկները: Նման աշխատաոճով ավելի ստույգ է որոշվում մաքսային արժեքը՝ բացառելով մաքսազերծման կամայական սակագնի որոշում կայացնելու հավանականությունը, գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային և կանխատեսելի»,-ընդգծեց ավտոմաքսատան ղեկավարը:
ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, ձևակերպումների ժամանակահատվածի կրճատումից բացի, շուտով գործառույթների մի մասը ևս կտեղափոխվի մաքսատներ:
Մասնավորապես, եթե նախկինում մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունները գործարքի գնի մեթոդով մաքսազերծելու թույլտվություն կարող էին ստանալ միայն կոմիտեում, ապա առաջիկայում այդ գործառույթը նույնպես կիրականացվի ավտոմաքսատանը:
Մաքսային ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ էլ քաղաքացիները կարող են դիմել վերադասին: ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ ավտոմաքսատանը նույնպես փակցվել են համապատասխան հուշաթերթիկներ, որտեղ, մասնավորապես, նշված են պաշտոնատար այն անձանց հեռախոսահամարները, ում կարող են դիմել քաղաքացիները մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների, անհարկի խոչընդոտների դեպքերում:
Առանձին հուշաթերթիկներ կան նաև մաքսային արժեքի որոշման կամ ձևակերպումների ընթացակարգերի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքի նկատմամբ, քաղաքացիները սպառիչ տեղեկատվություն կարող են ստանալ՝ զանգահարելով 060 54 73 04 հեռախոսահամարով:
Բաբկեն Ղազարյանի տեղեկացմամբ՝ տարեսկզբի համեմատ մոտ 30 տոկոսով աճել է մեքենաների ներկրումը. հոկտեմբերին 3-րդ երկրներից ներմուծվել է 1820 մեքենա՝ ապահովելով 1 միլիարդ 480 միլիոն դրամի մուտքեր: ԵԱՏՄ երկրներից՝ ներկրվել է 980 մեքենա:




