Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կոնսիլիումը եզրակացրել է, որ Հովհաննես Հարությունյանին վիրահատելու կարիք այս պահին չկա
ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ այսօր ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում բուժվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ կազմակերպվել է կոնսիլիում` համապատասխան մասնագետների ներգրավվածությամբ:
Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Նշվում է, որ կոնսիլիումին մասնակցել են ՀՀ ԱՆ ԲՕՔՎ հիվանդանոցային բաժնի պետ Վարդան Վարդազարյանը, ՀՀ ԱՆ գլխավոր վնասվածքաբան, բ.գ.դ պրոֆեսոր Վաչագան Այվազյանը, «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վնասվածքաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ վնասվածքաբանության ծառայության ղեկավար Վիգեն Մարգարյանը, «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ զուգակցվող վնասվածքների և օրթոպեդիայի բաժնի վարիչ, բ.գ.թ. Կարեն Մանուկյանը, «Էրեբունի» ԲԿ ՓԲԸ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկներ Գագիկ Բդոյանը և Ռադիկ Այվազյանը:
Կոնսիլիումի արդյունքում բժիշկ-մասնագետները հանգել են հետևյալ եզրակացության, որ վիրահատական միջամտության անհրաժեշտություն այս պահին չկա, Հովհաննես Հարությունյանին նշանակվել է ինտենսիվ վերականգնողական բուժում:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնության անդամները հանդիպել են ԱՆ փոխնախարարի հետ և վերջինը խոստացել էր, որ մասնագետների խմբի հետ կարող է կոնսիլիումին մասնակցել նաև Հովհաննեսի հարազատների առաջարկած մասնագետը:
Սակայն «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» նախաձեռնությունն իր հերթին տեղեկացնում է, որ Առողջապահության նախարարությունից տրված ժամկետը մասնագետ գտնելու համար քիչ է եղել և չեն կարողացել գտնել մասնագետ:
«Կոնսիլիումն անցավ առանց մեր կողմից տրամադրված բժշկի, քանի որ մեկ օր ժամկետը բավական քիչ էր համապատասխան մասնագետ գտնելու համար, և ամենակարևորը` Առողջապահության նախարարությունն էլ քաջ գիտեր, որ Հայաստանում ոչ մի բժիշկ չէր համաձայնվի մասնակցել Հովհաննեսի հետազոտությանն ու իր տեսակետները բացեիբաց հայտնել: Այ այսքան անկախ են մեր բժիշկները մեր երկրում», -նշված էր նախաձեռնության հաղորդագրության մեջ: