Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ձայն բազմաց, ձայն Աստծո». Աղձքի դպրոցի տնօրենի հարցը լուծվել է
Արագածոտնի մարզի Աղձք համայնքի դպորցի տնօրենի հարցը լուծվել է. դպրոցի աշակերտների և ուսուցիչների բողոքի ակցիաներից, դասադուլից հետո դպրոցի տնօրենի պաշտոնակատարը փոխվել է:
Դպրոցի նախկին տնօրեն Հարություն Սուքիասյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ այժմ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի փոխտնօրեն Տիգրան Գասպարյանը:
«Ես ու բոլորս գոհ ենք նման որոշումից: Գասպարյանը նույնպես գոհ է: Մնում է մրցույթը հայտարարվի, թեկնածուները մասնակցեն տնօրենի մրցույթին: Մրցույթը պետք է հայտարարվի հունվարի առաջին տասնօրյակում: Ով ունի համապատասխան ուսումնական հաստատություն ղեկավարելու հավաստագիր ու ցանկություն, կարող է մասնակցել մրցույթին», -նշեց Սուքիասյանը:
Նա ասաց, որ չի մասնակցի դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթին, եթե ներկայիս պաշտոնակատարը՝ Տիգրան Գասպարյանը, որոշի մասնակցել:
«Եթե ինքը համապատասխան փաստաթուղթը ստանա ու գա աշխատի, ես լիովին բավարարված կլինեմ: Ես ու ինքը համարյա նույն մարդն ենք, համագործակցում ենք իրար հետ, իրար սիրում ու հարգում ենք», -նշեց Սուքիասյանը:
Աղձք համայնքի դպրոցում կրքերը բորբոքվել էին, երբ Արագածոտնի մարզպետ, դաշնակցական Գաբրիել Գյոզալյանը որոշել էր դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել իր սանիկին՝ նույն մարզի Փարպի գյուղից: Դպրոցի աշակետրները ոտքի էին կանգնել, բողոքի ակցիաներ էին կազմակերպել, դասադուլ հայտարարել:
Այժմ, Սուքիասյանի խոսքով, խնդիրը լուծվել է, մարզպետը հետ է կանգնել իր որոշումից: «Հարցն արդեն փակված է, բոլորը գնում են դասի, ամեն ինչ իր հունի մեջ է: Ձայն բազմաց, ձայն Աստծո», -հավելեց մեր զրուցակիցը: