«Ջավախքի հայ գրողների միությունը» փորձում է ակտիվանալ
Մշակույթ
11:03 12/11/2016

«Ջավախքի հայ գրողների միությունը» փորձում է ակտիվանալ

«Ջավախքի հայ գրողների միությունը» ընդլայնման և ակտիվացման կարիք ունի, սակայն ակտիվ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է Ախալքալաքում գրասենյակ ունենալ: Այս մասին գրում է jnews.ge կայքը: 

«Ջավախքի հայ գրողների միությունը», չնայած գոյություն ունեցող դժվարություններին,  կրկին գործում է ու ակնկալում հասարակության ակտիվ ներգործությունը, որպեսզի շարունակի արդեն վաղուց պլանավորած աշխատանքները։

Միությունը հիմնվել է 1990 թվականին: Այդ ժամանակ այն հանդիսացել է Հայաստանի Հայ գրողների միության մասնաճյուղ։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տիրող խառը իրավիճակում գրողների միությունը նույնպես ճգնաժամային փուլում է հայտնվել, և միայն 2004 թվականին այն վերակազմավորվել է որպես առանձին կազմակերպություն: Սակայն 2008-ից հետո անհայտ ձևով կազմակերպության գրանցման համարն անհետացել է, և նույն անվանումով կազմակերպություն է հայտնվել այլ համարի տակ և այլ անդամներով:

«Ինձ մեկ ամիս ժամանակ տվեցին, որպեսզի համապատասխան փաստաթղթերով ապացուցեի, որ դա ես եմ ստեղծել: Ես բոլոր փաստաթղթերը հավաքեցի և ուղարկեցի Թբիլիսի: Նրանք կրկին վերականգնեցին ու արտոնագիր տվեցին», - ասել է «Ջավախքի հայ գրողների միության» նախագահ Եգոր Մովսիսյանը։
Միությունը այսօր ունի 5 անդամ՝ Եգոր Մովսիսյան, Արմենակ Ասատրյան, Համլետ Անատոլյան, Կառլեն Կարապետյան, Ռուբիկ Ավետիսյան։ Այսօր նախագահի գերնպատակն է դպրոցականների և ուսանողների շրջանում փնտրել և գտնել տաղանդավոր մարդկանց, ովքեր կլինեն միության անդամ և ակտիվիստ։
Եգոր Մովսիսյանը համարում է, որ միության ակտիվ գործունեության համար նաև հարկավոր է գրասենյակ Ախալաքալաքում, քանի որ միությունը չունի ոչ մի հավաքատեղի: Սակայն այսօր գրասենյակի համար միջոցներ չունի:

Մովսիսյանը հույս է հայտնում, որ միությունն ակտիվանալու և ծավալելու է ակտիվ գործունեություն:

Placeholder
«Ջավախքի հայ գրողների միությունը» փորձում է ակտիվանալ