Վարչապետ. Սահմանամերձ գյուղի նկատմամբ մենք հատուկ վերաբերմունք ունենք և բիզնեսի լեզվով չենք խոսում
Տնտեսություն
15:15 12/11/2016

Վարչապետ. Սահմանամերձ գյուղի նկատմամբ մենք հատուկ վերաբերմունք ունենք և բիզնեսի լեզվով չենք խոսում

Տավուշի մարզում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

«Զբոսաշրջության հետ կապված մենք իրականում ցանկանում ենք մեծ ծրագիր իրականացնել: Կարծում ենք՝ Հայաստանը թերագնահատված է որպես տուրիզմի երկիր: Մոտ ժամանակներս էժան ավիաընկերության ծառայությունը, Ռուսաստանի քաղաքացիներին որոշակի արտոնությունների տրամադրումը նպաստելու են ոլորտի աճին, բայց մենք պետք է նաև որակյալ ծառայություններ մատուցենք», - ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա հորդորել է բիզնես ծրագրեր ներկայացնել Զբոսաշրջության պետական կոմիտե:
Քննարկվել են նաև մարզի պատմամշակութային հուշարձանների, վանքերի վիճակին, պահպանությանն ու բարեկարգմանը վերաբերող հարցեր: Վարչապետն առաջարկել է մտածել մարզերում հիմնադրամ ստեղծելու հեռանկարների շուրջ՝ այդ գործում ներգրավելով տեղացի բարերարների ներուժը:

Գործադիրի ղեկավարը ողջունել և կարևորել է մի շարք համայնքների ղեկավարների ներկայացրած՝ կրթության որակի բարձրացմանը միտված և ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված առաջադեմ ծրագրերը:

Խոսելով սահմանամերձ համայնքներում ճանապարհային ենթակառուցվածքների վիճակի մասին՝ վարչապետը նշել է, որ այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, և կառավարությունն ըստ առաջնահերթության բարեկարգելու է այդ ճանապարհները:
«Սահմանամերձ գյուղի նկատմամբ մենք հատուկ վերաբերմունք ունենք և բիզնեսի լեզվով չենք խոսում: Մենք այնտեղ պարտադիր անելիքներ ունենք», - շեշտել է գործադիրի ղեկավարը:
 

Placeholder
Վարչապետ. Սահմանամերձ գյուղի նկատմամբ մենք հատուկ վերաբերմունք ունենք և բիզնեսի լեզվով չենք խոսում