Բիզնես ինովացիոն ֆորում՝ «Հայաստանը 2018-ին՝ աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում» կարգախոսով
Տնտեսություն
13:01 15/11/2016
Հայաստան

Բիզնես ինովացիոն ֆորում՝ «Հայաստանը 2018-ին՝ աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում» կարգախոսով

Նոյեմբերի 18-19-ին Դիլիջանում տեղի կունենա Բիզնես ինովացիոն 4-րդ ֆորումը, որը կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ: 

«2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագիրը կրող   բիզնես ինովացիոն ֆորումի նպատակն է ձևավորել հարթակ, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների, գործնական շփումների միջոցով նպաստել Հայաստանում բիզնեսի արդյունավետության բարձրացմանը:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը, ֆորումի ընթացքում կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և կտրվեն համապատասխան լուծումներ Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

«Հայաստանի ինովացիոն զարգացումն այլընտրանք չունի: Եթե մենք ուզում ենք հաղթել և ունենալ զարգացած, առաջադեմ երկիր՝ մեր ճանապարհը ինովացիաներն են, մեր ճանապարհը տեխնոլոգիական զարգացումն է: Դա  է պատճառը, որ ինովացիոն ֆորումը մենք համարում ենք մեր կարևորագույն միջոցառումը, որին մասնակցում են ոլորտի լիդերները»,- նշեց Հայկ Չոբանյանը՝ հավելելով, որ ֆորումին մասնակցելու են տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ:

Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ, այս տարի ամենաշատ գործընկերներն են մասնակցելու ինովացիոն ֆորումին:

Հայկ Չոբանյանը հայտնեց, որ Հայաստանն այսօր աշխարհի ինովացիոն երկրների ցանկում գտնվում է 60-րդ հորիզոնականում, և ակնհայտ են այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է օգնեն Հայաստանին լինելու աշխարհի ամենաինովացիոն երկրներից մեկը:

«Առաջինը կրթությունն է, որի վրա մենք էական ուշադրություն ենք դարձնում և այստեղ մեր ծրագրերը արմատական ու հեղափոխական են»,- ասաց նա:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանն էլ նշեց, որ ինովացիոն քաղաքականության իրականացումը ամենաանհրաժեշտ նախապայմաններից է տնտեսական աճի ապահովման համար: Նրա խոսքերով՝ ամբողջ աշխարհում առանց ինովացիոն լուծումների կիրառման տնտեսական աճի ապահովումը գրեթե դառնում է անհնար:

Placeholder
Բիզնես ինովացիոն ֆորում՝ «Հայաստանը 2018-ին՝ աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում» կարգախոսով