Գյումրու «Սև  բերդ» ամրոցում կայանալու է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն
Մշակույթ
16:02 15/11/2016
Հայաստան

Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայանալու է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն

Նոյեմբերի 18-ին  Գյումրու «Սև  բերդ» ամրոցում կայանալու է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն, որի ընթացքում հնչելու են հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը: 

«Մի քանի ամիս է համերգային երեկո անցկացնելու մտադրություն կա: Վերջերս բացվեց «Սև բերդ» ամրոցը, որտեղ իրակացվելու են նմանատիպ բարձրաճաշակ երեկոներ: Շնորհակալ ենք, որ մեր երաժիշտները համաձայնվեցին այս համերգով ևս մեկ անգամ կարևորել Գյումրի քաղաքն ու անել քաղաքին նման մեծ պատիվ: Հասմիկ  Պապյանին շնորհակալ ենք, որ հատուկ այս համերգի համար ժամանեց Հայաստան», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց  համերգ-երեկոյի պրոդյուսեր  Տիգրան Վիրաբյանը:

Ասուլիսին ներկա ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր  Տիգրան Մանսուրյանի խոսքով՝  Գյումրիում կայանալիք համերգը նշանակալի իրադարձություն է իր համար, քանի որ իր կենսագրական արմատներով սերտորեն կապված է Շիրակի, Գյումրիի հետ:

«Ունեմ թանկ հիշատակներ Գյումրիում, որոնք ինձ ուղեկցել են տարիներ շարունակ, երբեմն՝ մտովի, երբեմն էլ իրենց ներկայությամբ: Այս ամենը մի տեսակ առավել հուզիչ, առավել պատասխանատու է դարձնում այս համերգը»,-  նշեց մաեստրոն:

Տ.Մանսուրյանի համար չափազանց թանկ է այս համեգին Հասմիկ Պապյանի մասնակցությունը. «Տարիների գործընկերներ ենք, մշտապես վայելել եմ արվեստագետի, մեծ հայ մարդու, հայուհու բարեկամությունը: Հանդիպել ենք թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս՝ համերգային գործունեությամբ: Հասմիկ Պապյանի համերգային ծրագրում ունի  կարևոր դերակատարում՝ հանդես է գալու  «Զուգահեռ երգեր» ստեղծագործությամբ»: 

Նա նաև շնորհակալություն հայտեց  Երևանի պետական կամերային երգչախմբին (գեղարվեստական ղեկավար և դիրրժոր Հարություն Թոփիկյան), Հայաստանի պետական կամերային երգչախմբին ( գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախմբին (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան), ովքեր հանդես են գալու համերգի ընթացքում:

Տիգրան Մանսուրյանի ներկայացմամբ՝ համերգի ծրագիրը բավականին հագեցած է երաժշտական գործերով. «Այստեղ առաջին անգամ են հնչելու բոլոր գործերը: Այնպես է ստացվել,  որ ներկայացում ենք գործեր, որոնք դրսերում հնչել են, առանջին անգամ պետք է հնչեն Գյումրիում»:

ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի խոսքով՝ բացառիկ առիթ է ելույթ ունենալ Գյումրիում. «Մայրս գյումրեցի է, մանկությունս անցել է Գյումրիում: Նախ և առաջ մեծ հոգևոր կապ ունեմ այդ քաղաքի ու քաղաքի բնակիչների հետ: Ես անտարբեր չեմ այս քաղաքի ճակատագրին, այն բոլոր հարցերին, ինչը կապված է Գյումրիի ապագայի հետ»:

Նա ասաց, որ «Զուգահեռ երգեր»-ն առաջին անգամ կատարել է Ֆրանսիայում «Ռադիոֆրանս» փառատոնի շրջանակներում:

«Երեկոն նվիրված էր Կոմիտասին և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններին: Մենակատարը ես էի: Համերգից հետո ֆրանսիական մամուլը գրեց, որ այսպիսի երաժշտությունից հետո արև բացվեց Ֆրանսիայի վրա»,- նշեց Հ.Պապյանը:

Երգչուհին ասաց, որ երեկոյի ընթացքում բոլորը միասին մեծարելու են Տիգրան Մանսուրյանին: Հ. Պապյանը հույս ունի, որ այս համերգը պետք է արձագանք ունենա և արձագանքը գնա Հայաստանի դեպի մյուս քաղաքներ, գյուղեր, ունենա իր գեղեցիկ շարունակությունը:

Ասուլիսին ներկա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, համերգի գեղարվեստական ղեկավար և դիրրժոր Ռոբերտ Մլքեյանն ասաց, որ նույնպես կապված է Գյումրիի հետ՝ ծնողները Գյումրիում են ծնվել, երկար տարիներ աշխատել է Գյումրիում:

«Երջանիկ եմ, որ  հայ կոմպոզիտորական դպրոցում դեռ կան ներկայացուցիչներ, որոնց պետք ներկայացնենք ողջ աշխարհին ու ասենք, որ ունենք նման դպրոց, իսկ ստեղծագործությունները կատարելու  համար պետք է շատ պատրաստված անձնավորություններ լինեն մեր երկրում»,- ասաց Ռ.Մլքեյանը:

Տիգրան Մանսուրյանը պատմեց, որ  Ռ. Մլքեյանին մշտապես վստահում է իր ստեղծագործությունների առաջին կատարումները: «Մլքեյանը թերևս առանձնահատուկ դիրիժորն է, ով հատուկ ուշադրություն է դարձնում «Ռեքվիեմ»-ին, հնչեցրել է թե Երևանում, թե Երևանից դուրս՝ հասնելով մինչև Մեխիկո»:

Համերգն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:  ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը նշեց, որ շարունակվելու են նմանատիպ ծրագրեր  իրականացնել «Սև բերդ» ամրոցում:

«Ամրոցը կդառնա ստեղծագործական լուրջ կենտրոն, հետագայում կիրականացնենք միջազգային մասշտաբի փառատոներ, նախագծեր»,- նշեց նա:

Placeholder
Գյումրու «Սև բերդ» ամրոցում կայանալու է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն