Հայոց արքաների ոսկորները կմնան փաթեթավորված՝ մինչև գումարներ գտնվեն
Մշակույթ
09:18 16/11/2016
Հայաստան

Հայոց արքաների ոսկորները կմնան փաթեթավորված՝ մինչև գումարներ գտնվեն

Արագածոտնի մարզում Աղձքի հայոց արքաների՝ Արտաշեսյանների և Արշակունիների,  դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերված  երեք սնդուկը՝ մարդկային ոսկորներով, հայտագործություն է: Մենք ունենում ենք մեր արքաների գենետիկ կոդը բացահայտելու բացառիկ հնարավորություն, ինչը հետաքրքրում է ոչ միայն մեզ, այլ նաև միջազգային գիտական հանրությանը՝ պարսիկ, եվրոպացի, ամերիկացի գիտնականներին,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:



Պարսիկ, կամ նույնիսկ եվրոպացի գիտնականներին հետաքրքիր լինելը հասկանալի է, իսկ ինչո՞վ  կարող է հայ արքաների ոսկորները հետաքրքրել ամերիկացիներին:

Հհնագետը ի պատասխան նշեց. «Վաղ միջնադարյան արքայական մասունքներ ողջ աշխարհում շատ քիչ են: Նրանք գիտեն, թե ինչ ահռելի կարևորություն ունեցող հայտնագործություն է: Չի բացառվում, որ եթե նամակներ գրենք, նաև զուտ հետաքրքրությունից ելնելով ընդառաջեն մեզ ու թեկուզ ԴՆԹ անալիզն անվճար անեն»:

Հիշեցնենք, որ սնդուկներից երկուսը բացվել էին ավելի վաղ, երրորդը հանդիսավոր բացվեց նոյեմբերի 12-ին: Սնդուկներում Արտաշեսյաններ և Արշակունիներ թագավորական տոհմերի անդամների ոսկորներն են:

Հ.Սիմոնյանը հայտնեց, որ հայտնաբերված ոսկորները պետք է մարդաբանական հետազոտության ենթարկվեն, որպեսզի կարողանան ներկայացնել հայտնագործության լրիվ և վերջնական  արդյունքը:

«Երկարատև, դժվարին ու ծախսատար աշխատանք է: Մարդաբանական հետազոտությունը պետք է արվի աշխարհի ամենահեղինակավոր լաբորատորիաներում, հրավիրվեն լավագույն մասնագետները: Մեծ ծախսերի հետ են կապված, պետք է փնտրենք, գտնենք այդ միջոցները: 
Մարդաբանական հետազոտության միջոցով հնարավոր կլինի պարզել մարդկանց տարիքը, սեռը, նրանց ունեցած հիվանդությունները, հնարավոր է նաև մահվան պատճառները բացահայտել: ԴՆԹ-ի միջոցով կարող ենք իմանալ, թե ինչ գենետիկա են ունեցել»,- ասաց հնագետը:

Հ. Սիմոնյանի խոսքով՝ այժմ արդեն հայտնաբերված ոսկորները խնամքով փաթեթավորված տարվում են լաբորատորիա, մարդաբանական հետազոտությունից հետո պահվելու են սառնարանի մեջ, որպեսզի ոչ մի կորուստ չլինի:

«Հետազոտությունից հետո, կարծում եմ, պետք է կառավարական հանձնաժողով ստեղծվի ու որոշվի ոսկորների ճակատագիրը՝ որտեղ են ցուցադրվելու, ներկայացվելու, ինչպես ենք պահպանելու: Հնարավոր է մեզ այլևս բախտ չվիճակվի նման հայտնագործություն ունենալ»,- ասաց արշավախմբի ղեկավարը:

Հարցին, թե ինչպե՞ս պետք է ձեռք բերեն հետազոտության համար անհրաժշետ գումարը, հնագետն ասաց. «Կառավարական խնդիր է, կառավարությունն ինքը շահագրգռված լինի, որ այդ ամենը տրամադրի: Պետական կարևոր արժեք ունեցող հայտնագործություն է, պետականորեն պետք է այդ հարցը լուծվի»:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր չէր գումար ունենալուց հետո բացել սնդուկները, Հ.Սիմոնյանն ասաց, որ անհնար էր՝  եթե մնար, կարող էր ոչնչանալ:

«Երբ հնագիտական օբյեկտը բացվում է, երկար բաց պահել չի կարելի: Երբ գտնվում է  հողի տակ, գտնվում է մի իրավիճակում, քիչ թե շատ կոնսերվացված վիճակում է մնում: Երբ արդեն արկղի վրայի հողը հանում ենք, արդեն սկսվում են որոշակի պրոցեսներ, եթե երկար բաց մնա, ոսկրաբանական նյութերը կարող են ոչնչանալ անձրևաջրերից, ձյան հալոցքից, նաև գանձնագողներ կարող են հայտնվել»,- ասաց Հ.Սիմոնյանը:

Հարցին, թե արդյո՞ք տեղում պահպանությունը հնարավոր չէր կազմակերպել, հնագետն ասաց. «Տեղում պահպանությունն, ընդհանրապես, մեզ ոչինչ չէր տա, տեղում չէինք կարող այդ ամենը ուսումնասիրել»:

Placeholder
Հայոց արքաների ոսկորները կմնան փաթեթավորված՝ մինչև գումարներ գտնվեն