ԱԺ-ում Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թ. բյուջեի նախագիծը
Տնտեսություն
13:54 17/11/2016
Հայաստան

ԱԺ-ում Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թ. բյուջեի նախագիծը

«2017 թվականի բյուջեն նախագծվել է այն մոտեցումով, որ մենք պետք է ապահովենք տնտեսական աճի համար հենքեր՝ միաժամանակ  շարունակելով մեր ծախսային պարտավորությունները, ծրագրերն իրականացնել»,- Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագիծը ներկայացնելիս՝ ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարի խոսքով՝ 2017 թվականի համար որպես կարևորագույն սկզբունք թիրախավորել են, որ արտաքին պարտքի աճի տեմպերն աստիճանաբար պետք է կայունանան, դանդաղ տեմպերով պարտք վերցնեն, որպեսզի իրավիճակը միշտ մնա հսկողության ներքո. «2016-ը, ամենայն հավանականությամբ, կավարտենք շուրջ 54,4 տոկոս պարտք-ՀՆԱ ցուցանիշով: 2017-ի պարտք-ՀՆԱ ցուցանիշն աճելու է ոչ ավել, քան 2 տոկոս, այսինքն՝ 56,2 տոկոս:  Սա է կարևորագույն մեխը, որը դրվել է բյուջեի հիմքում»:

«2017 թվականին մենք կանախատեսում ենք 3,2 տոկոս իրական աճ, դեֆլյատորի 1,7 մակարդակ: Իհարկե, 2016–ի զարգացումները հիմք ենք ընդունել, երբ որ կանխատեսում ենք կատարել 2017 թվականի համար: 2016 բյուջեի օրենքով տնտեսական աճը նախագծված է 2,2 տոկոս իրական աճ, գրեթե այդքան իրական աճ ակնկալում ենք այս տարվա ընթացքում, բայց 2016-ին գնային միջավայրն է շատ ավելի մեղմ եղել կամ, այսպես ասած, գնանկումային, քան մենք ակնկալում էինք»,- ասաց Վ. Արամյանը:

Վարդան Արամյանը թվարկեց այն հիմնական գործոնները, որոնք թույլ են տալիս ակնկալել 3,2 տոկոս տնտեսական աճ՝ արտաքին միջավայրը հուսադրող է, մասնավորապես սպասվում է ՌԴ տնտեսության վերականգնում, ներքին տնտեսական քաղաքականությունը, այդ թվում նաև ակնկալվում է արդյունաբերության աճ՝ 5,5 տոկոսով, ծառայությունների աճ՝ 2,8 տոկոսով:

Նախարարն ասաց, որ 2017 թվականի համար ակնկալում են  ավելի բարձր վարկավորման աճի տեմպ՝  շուրջ 8 տոկոս, այս տարի՝ 4 տոկոս է:

Նա հիշեցրեց, որ 2016 թվականի համար ծրագրել են բյուջեի ընդհանուր եկամուտները  ՀՆԱ-ի նկատմամբ կլինեն 21,8 տոկոս, 2017 –ի համար ակնկալում են բյուջեի եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները ՀՆԱ-ի մեջ՝ 22,4 տոկոս:

«2017-ին, ինչպես 2016-ին, եկամուտների հիմնական մասը՝ 93 և ավելի տոկոսը, կազմում են հարկային եկամուտները: 2016 –ին ծրագրել ենք 20,7 տոկոս հարկեր- ՀՆԱ ցուցանիշ, ամենայն հավականությամբ, այդեպս էլ տարին կավարտենք: 2017 –ին շուրջ 0,3 տոկոսային կետով նախատեսում ենք հարկեր-ՀՆԱ-ի աճ»,- ասաց ֆինանսների նախարարը:

Ինչ վերաբերում է ծախսերին, Վ. Արամյանն ասաց, որ  2016-ին ծրագրել են 25,3 տոկոս ծախսերի մակարդակ, բայց պարտադրված են ֆինանսավորել հակացիկլիկ  քաղաքականությունը, ինչի հետևանքում ծախսերը կաճեն. «Ամենայն հավանականությամբ, կունենանք 27,8 տոկոս ծախսերի մակարդակ»:

«2017-ին, քանի որ գնալու ենք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, ծրագրել ենք ծախսեր-ՀՆԱ  ցուցանիշը՝  25,2 տոկոս:

Արդյունքում՝ պակասուրդը  2017- ի համար ծրագրել ենք, որ ՀՆԱ-ի նկատմամբ կլինի 2,8 տոկոս: 2016-ի համար ծրագրել ենք 3,5 տոկոս պակասուրդի մակարդակ, բայց քանի որ ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ շատ ավելի բարձր են լինելու, ամենայն հավանականությամբ, կավարտենք 2016-ը  5,9 տոկոսով»,- նշեց նախարարը:

Իր ելույթի վերջում ֆինանսների նախարարն ասաց.  «ԱԺ հանձնաժողովներում մենք ունեցել ենք խորը  և համապարփակ քննարկումներ: Ականաջալուր կլինենք մեր գործընկերների բոլոր հորդորներին, իրենց կողմից ներկայացված խնդիրներին: Բայց մի բան պարզ է, որ բյուջեն սահմանափակ չէ:  Մենք պետք է փորձենք իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թույլ են տալիս մեր եկամուտները, տնտեսությունը»:

Նախարարի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Placeholder
ԱԺ-ում Վարդան Արամյանը ներկայացրեց 2017 թ. բյուջեի նախագիծը