Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պատերազմ հայտարարեք, եթե ուզում եք ինչ-որ բան անել». Արամ Մանուկյանը՝ ֆինանսների նախարարին
«Չի հակասում, որովհետև 40 տոկոսանոց ստվերը վիճակագրորեն գնահատելի է և աշխարհում երկիր չգիտեմ, որ ընդամենը 1 տարում 40 տոկոսանոց ստվերն ամբողջությամբ բերել է բյուջե: Գրեթե անհնար է, որևէ երկիր այդպիս արդյունքներ չի ունեցել»,- Ազգային ժողովի նիստում 2017 թվականի պետական բյուջեի քննարկմանն ասաց հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին՝ 2017-ին հարկային եկամուտների՝ 0,3 տոկոսով ավելանալուն:
«Արդյո՞ք սա չի հակասում կառավարության աղմկոտ, ռեֆորմատոր մուտքին, որ գալու եք և լուրջ ռեֆորմներ եք անելու ստվերի, կոռուպցիայի դաշտում: Ունենք 40 տոկոսանոց ստվեր, բայց ձեր զեկույցում ոչ մի անգամ ստվեր, մենաշնոր, կոռուպցիա չասեցիք: Բոլորս էլ գիտենք, թե ինչու է մեր բյուջեն այսպես խեղճ: 0,3 տոկոսը նշանակում է՝ ուղղակի ոչինչ չանել 40 տոկոսանոց ստվերից հարկային դաշտ բերելու առումով»,- հարցերով նախարարին դիմեց ընդդիմադիր պատգամավորը:
Վ. Արամյանն ասաց. «Մեր գործողությունները պետք է լինեն համաչափ: Իսկ եթե ագրեսիվ գործողություններ կատարես, սխալներ գործես, արդյունքը լինի այն, որ տնտեսվարողների մոտ կանխիկ հոսքերի խեղումներ մտցնես, անմիջապես ազդելու է տնտեսական աճի վրա: Իսկ մեր գերնպատակն է տնտեսական աճը: Այդ տնտեսական աճը ստեղծում են տնտեսվարողները»:
Նախարարը նշեց, որ 0,3 տոկոսն ապահովելու են երկու գործոնով՝ օրենսդրություն և վարչարարական միջոցառումներ, գործիքակազմ:
«Հենց սրա արդյունքում ենք ակնկալում, որ շուրջ 20-24 միլիարդ ունենալու ենք լրացուցիչ մուտքեր, որը ստվերի արդյունքում է լինելու: Կկարողանանք ավելի շատ բարել, հաջողենք, դրան ադեկվատ կկատարենք համապատասխան ծախսերը»,- հավելեց Վ. Արամյանը:
Արամ Մանուկյանն ասաց, որ այսօր վիճակն այնպիսին է, որ առանց ագրեսիվ քայլերի՝ ստվերից այս կողմ բան բերելու ուղղությամբ, ոչինչ չեք կարողանալու. «Պատերազմ հայտարարեք, եթե ուզում եք ինչ-որ բան անել: Այլ կերպ չեք կարող: Թվերն ակնհայտ է: Մուտքերը, սպասելիքները տասն անգամ ավելի քիչ են, քան այն բեռը, որ ավելանում է մեր վրա»:
Պատգամավորը նաև հարց ուղղեց նախարարին արտաքին պարտքի հետ կապված՝ ցանկանալով իմանալ, թե թվային արժեքով որքան է ավելանալու պարտքը, նաև նշեց, որ իրենց հաշվարկներով արտաքին պարտքն ավելին է լինելու 2017-ին, քան կանխատեսվում է՝ ոչ ավելի, քան 2 տոկոս:
Վարդան Արամյանն ասաց, որ անվանական ցուցանիշով 2016-ին արտաքին պարտքը կլինի շուրջ 5 միլիարդ 849 միլիոն դոլար, 2017 գնահատականն է՝ 6 միլիարդ 245 միլիոն: Նա նաև նշեց, որ Հայաստանը նման ցուցանիշով դասակարգվում է նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքին: