Վարդան Արամյանը նաև չի ընդունում, թե ներկայացված է «գոյատևման բյուջե»
Տնտեսություն
17:02 18/11/2016
Հայաստան

Վարդան Արամյանը նաև չի ընդունում, թե ներկայացված է «գոյատևման բյուջե»

«Մենք պետք է հաշվի առնենք, որ բյուջեն անսահամանափակ չէ և այն պետք է լինի բալանսավորված»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարի խոսքերով՝ եթե ցանկանում են այս կամ այն հարցերը միանգամից լուծել, դրա համար պետք է լինեն ռեսուրսներ և աղբյուրներ:

«Ես արդեն նշել եմ, որ բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար աղբյուրները երկուս են՝ եկամուտները և պակասուրդը: Ուստի այն գաղափարախոսությունը և այն փիլիսոփայությունը, որ դրված է  բյուջեի հիմքում, կարծում ենք, որ շատ իրատեսական է»,- նշեց նախարարը:

Ըստ Վարդան Արամյանի՝  բյուջեի նախագծին տարբեր որակումներ են տալիս, որոնց  հետ համամիտ չէ, հատկապես, չի կիսում այն կարծիքը, թե բյուջեն սոցիալական չէ: «Ես չեմ կիսում այդ կարծիքը, բյուջեն ունի ուժեղ սոցիալական տարր: Տարբեր առիթներով համեմատում եք հարևան Վրաստանի հետ, բայց տեղյա՞կ եք, որ Վրաստանում, օրինակ, վճարվում է բացառապես բազային կենսաթոշակ: Իսկ Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է բաշխողական կենսաթոշակային համակարգ, ինչպես նաև ներդրել ենք եռաստիճան կենսաթոշակային համակարգը: Ի դեպ, Վրաստանից երկու անգամ պատվիրակություն է եկել Հայաստան, որպեսզի մեր փորձը տեղայնացնեն իրենց մոտ»,- ասաց ֆինանսների նախարարը:

Վարդան Արամյանը նաև չի ընդունում այն ձևակերպումը, թե ներկայացված է գոյատևման բյուջե:

«Եթե դու գոյատևում ես, ապա քեզ համար տեսանելի չէ, թե երկրորդ քայլն ինչ է լինելու: Մենք այդպես չենք մտածում, մենք դրել ենք մի քաղաքականություն, որը հստակ է՝ կայունացնում ենք այս տարի, որպեսզի ունենանք հենքեր տնտեսական աճի համար»,- ընդգծեց նա:

Ֆինանսների նախարարը նշեց նաև, որ Կառավարությունն իրականում քաջություն է ունեցել  նույնիսկ խոհրդարանական ընտրություններից առաջ ներկայացնել ոչ թե պոպուլյար, այլ՝ իրատեսական բյուջե. «Ոչ թե մի բյուջե, որը մեկ տարի հետո կարող է ավելի խորը խնդիրներ առաջացնել, այլ ներկայացվում է մի բյուջե, որը հենքեր է ստեղծում՝ մեկ տարի հետո ավելի վստահաբար առաջ շարժվեելու համար»,- ասաց նա: 

Եզրափակելով ելույթը՝  Վարդան Արամյանը պատգամավորներին խնդրեց կողմ քվեարկել ՀՀ 2017թ-ի պետական բյուջեի նախագծին:

Այապիսով, ավարտվեց պետական բյուջեի նախագծի քննարկումը: Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե բյուջեի նախագծի քննարկումը կշարունակեն առաջարկություններ ներկայացնելուց հետո, առնվազն 4 օրով:

«Պատգամավորները, խմբակցությունները և հանձնաժողովները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները 24 ժամվա ընթացքում, մինչև երկուշաբթի օրը»,- հայտարարեց Շարմազանովը:

Placeholder
Վարդան Արամյանը նաև չի ընդունում, թե ներկայացված է «գոյատևման բյուջե»