Ամուսնալուծություն՝  կորեական ձևով
Հասարակություն
14:42 18/11/2016

Ամուսնալուծություն՝ կորեական ձևով

Երկրները, որտեղ զարգացած է «երկրպագելու արվեստը», մեծ է երկրպագուների ազդեցությունը հանրային դեմքերի վարքի, անձնական կյանքի, հանրային խոսքի դրսևորումների վրա: Երկրպագուների բանակը, ինչպես կարող է իր իդեալին բարձրացնել ճանաչելիության ու ռեյտինգների բարձունքներին, այնպես էլ շատ արագ կարող է նրան ցած նետել՝ ամենաքիչը դրա համար ուղղակի իր ուշադրությունից զրկելով:

Նման «հարաբերությունները» զարգացած են կինո-պոպ երաժշտություն-սպորտ արտադրող երկրներում: Երկրներում, որտեղ դրանք ոչ թե ուղղակի զբաղմունք են, այլ խիստ մրցակցության մեջ  են դրված, և այո, հենց արտադրություն, ինդուստրիա են:

Հետաքրքիր է նկատել, որ աստղ-երկրպագու հարաբերությունները, երբ երկուստեք խիստ վերահսկողության օրենքներ են գործում, տարածվում են նաև քաղաքական ոլորտ: Հիշեցնեմ, թե ինչպես վերջերս Հարավային Կորեայում մեծ սկանդալ ծագեց, քաղաքացիները փողոցներ դուրս եկան, երբ պարզ դարձավ, որ երկրի նախագահի ընկերուհին, օգնելով նրան իր ելույթների մասով, մասնակից է դարձել երկրի, այսպես ասենք՝ գաղտնիքներին:

Նախագահը ստիպված էր հրապարակային ներողություն խնդրել, որից հետո անգամ դժգոհության ալիքը դեռ շարունակվում է մնալ ռեզոնանսի մեջ:

Հետևաբար՝  կարելի է եզրակացնել, որ նրանք, ովքեր ձգտում են հանրային ուղիով վարկանիշ ձեռք բերել, այնուհետև կախված են դառնում հանրային կարծիքից:

Հաջորդ նյութում, այս առումով, թերևս անդրադառնամ հայաստանյան սոցիալական ցանցերին, քանի որ, կարծում եմ, հարաբերությունների ու զարգացումների նոր միտումներ կան:

Իսկ այժմ երկրպագու-հանրային դեմք ընդհանուր «ամուսնություն-ամուսնալուծություն» ընդհանուր հայացքից անցնենք որոշակի՝ հետաքրքիր մի օրենքի:

Մինչև վերջերս՝ 2015 թիվը, Հարավային Կորեայի օրենքով անհավատարիմ ամուսնուն իրական դատական պատժաժամկետ էր սահմանվում: Այնուհետև այդ օրենքը շրջանառությունից դուրս եկավ, սակայն գործում է օրենք, որ ամուսինը, ով անհավատարիմ է եղել, իրավունք չունի ամուսնալուծություն պահանջել:

Այժմ հերթական աստղային սկանդալն է հասունացել՝ հայտնի ռեժիսոր Հան Սան Սուն, որ երեսուն տարի ապրում է իր կնոջ հետ, ամուսնալուծության մասին նրա հետ համաձայնության չգալով, դիմել է Ընտանեկան գործերով դատարան՝ այդպիսով ամուսնալուծություն ստանալու համար:

Սակայն, եթե դատարանում ապացուցվի, որ նա արտաամուսնական կապի  մեջ է եղել Կիմ Մի Հիի հետ, ապա նա կհայտնվի «ընտանիքի առաջ պարտավորություն ունեցող ամուսին» կատեգորիայում և կզրկվի ամուսնալուծության պահանջից:

Սրանից զատ՝ երիտասարդ դերասանուհու հետ կապի մասին լուրը վրդովվեցրել է հասարակությանն ու կոլեգաներին: Այնպես որ՝ ռեժիսորի հետագա հաջող աշխատանքը հարցականի տակ է այժմ:

Մի կողմից նախանձելի է տեսնել հասարակական կարծիք- օրենք նման ամուր շաղկապվածություն, մյուս կողմից դժվար է պատկերացնել, որ հասարակական կարծիքը կարող է մի քանի օրում իր կուռքի կարիերան գետնին հավասարացնել: Վերջերս մի քանի աստղերի նկատմամբ դատական գործեր սկսվեցին, երբ ակումբներում, մեծերի մերսման սրահներում աշխատող կանայք, մեկը մյուսի ետևից, մեղադրեցին հանրահայտ աստղերի՝ իրենց նկատմամբ սեռական ոտնձգության մեջ: Դատական մի քանի գործ կարճվեցին ապացույցներ չլինելու պատճառով, սակայն նույնիսկ արդարացման վճիռներից հետո կինո և գովազդային գործակալությունները խզեցին իրենց պայմագրերը այդ աստղերի հետ:

Այ սա իսկապես հասարակական կարծիքի կուլտ է: Փոխերկրպագություն: 

Հայաստանում նման հարաբերություններ դժվար է պատկերացնել: Նախ՝ ոչ մի բանի արտադրություն այնքան զարգացած չէ, որ ուղղակի ազդի հասարակության վրա: Հետո՝ օրենքի ու հասարակական կարծիքի խզումը ահռելի է՝ նույնիսկ մշակույթային հուշարձանների հարցում, երբ հասարակության կարծիքը ու օրենքի պահանջը համընկնում էին, հասարակությունը որևէ նկատելի արդյունքի չկարողացավ հասնել: 

Թերևս միայն՝  «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի հարցում:

Հասարակություն-հասարակության վրա ազդող անձ հարաբերությունները, այսպես ասեմ՝ ամենևին ամուսնական չեն, ուստի և ամուսնալուծություն հնարավոր չէ: Հայաստանյան հասարակությունը, որքան էլ ազնիվ, արդար ու գիտակցված պահանջներ ներկայացնի, քանի դեռ չի ապահովել իր վրա ազդեցություն ունեցողների կախվածությունն իրենից՝ որևէ արդյունքի չի կարող հասնել, ցավոք:

Սակայն պիտի կրկնեմ, որ վերջերս միտումներ են փոխվում, և նույնիսկ ու հատկապես այնպիսի «անիմաստ» տեղերում, ինչպիսիք սոցիալական ցանցերն են: Դրա մասին՝ հաջորդիվ:

Placeholder