Վանյան. ԱՆ-ն առաջարկել է դպրոցներում հաջորդ շաբաթվանից ներդնել համաճարակաբանական ֆիլտր
Առողջություն
14:26 18/11/2016
Հայաստան

Վանյան. ԱՆ-ն առաջարկել է դպրոցներում հաջորդ շաբաթվանից ներդնել համաճարակաբանական ֆիլտր

Վերջին 10-15 օրվա ընթացքում Հայաստանում սկսել է շրջանառվել  գրիպի Ա տեսակ H3 ենթատիպը: Այլ ենթատիպեր այս պահին չեն շրջանառվում, հատկապես H1N1-ի դեպքեր ներկա պահին չունենք: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով, դպրոցներում ու մանկապարտեզներում, պոլիկլինիկաներում, վերակենդանացման բաժանմունքներում, շտապ օգնության ծա իրականացվում է ամենօրյա մոնիտորինգ:

«Նկատեցինք, որ վերջին 15 օրերի ընթացքում գրիպով և սուր շնչառական վարակների ոչ կտրուկ, բայց աշխուժացում է նկատվում  հատկապես մինչև 14 տարեկան երեխաների շրջանում»,-ասաց կենտրոնի տնօրենը:

Հաշվի առնելով աշխուժացումը, առողջպահության նախարարությունը տարածքային կառավարման, կրթության և գիտության նախարարություններին առաջարկել է ուսումնական հաստատություններում հաջորդ շաբաթվա սկզբից ներդնել համաճարակաբանական ֆիլտր: Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, Վանյանը ֆիլտրի կիրառումը կանխարգելիչ արդյունավետ միջոց որակեց:

«Դպրոցներում, մանկապարտեզներում հիվանդության թեթևակի նախանշաններ ունենալու դեպքում անմիջապես մեկուսացնել ու առաջնային բժշկական կազմակերպության միջոցով կազմակերպել բուժումը»,-միջոցառման էությունը բացատրեց մասնագետը:

Վանյանի խոսքով, դա թույլ կտա խուսափել հետագա բարդություններից ու հիվանդության տարածումից: Նա ծնողներին խորհուրդ տվեց հիվանդ երեխաներին չտանել դպրոց կամ մանկապարտեզ:

«Այստեղ մեր բնակչության դերը շատ մեծ է, իրազեկում է իրականացվելու ծնողների շրջանում: Սա մեզ թույլ կտա խուսափել բռնկումից կամ համաճարակից»,-ասաց նա:

Թե ինչպես խուսափել հիվանդության տարածումից՝ տեսանյութում:

Placeholder
Վանյան. ԱՆ-ն առաջարկել է դպրոցներում հաջորդ շաբաթվանից ներդնել համաճարակաբանական ֆիլտր