Ստամբուլում ցուցադրվելու է Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմը
Մշակույթ
15:40 18/11/2016
Հայաստան

Ստամբուլում ցուցադրվելու է Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմը

Ստամբուլում՝ Հայկական մշակույթի և համերաշխության միության սրահում, այսօր կկայանա կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմը: Միջոցառման ընթացքում ելույթ կունենա Ստամբուլի Մարմարա համալսարանի գիտաշխատող  Օնուր Այթաչը: Այս մասին տեղեկացնում է «Բիանետ» կայքը: 

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը Panorama.am-ին ասաց, որ տեղյակ չէ այդ ցուցադրությունից, միաժամանակ հավելեց. «Նորմալ է: Ուրախ ենք՝ ինչքան ցույց տան, մեր օգուտն է»:

Նա նշեց, որ 1989 թվականին այս ֆիլմի համար Ս. Փարաջանովը Ստամբուլի միջազգային կինոփառատոնում արժանացել է  ժյուրիի հատուկ մրցանակի:

«Ֆիլմը ստեղծված է մուսուլմանական թեմայի վրա: Փարաջանովն արեց այս ֆիլմը՝ ասելու, որ ժողովուրդները չեն կարող իրար ատել»,-  հավելեց Զ.Սարգսյանը:

Ֆիլմը նկարահանել է «Վրացֆիլմ» ընկերությունը Բաքվում և Շեքիյում։: «Աշուղ Ղարիբ»-ը  թողարկվել է 1988-ին։ Այն նվիրված է Անդրեյ Տարկովսկու հիշատակին, հիմնված է Միխայիլ Լերմոնտովի համանուն հեքիաթի մշակման վրա։  Օպերատորն է Ալբերտ Յավուրյանը:

Ֆիլմն աղքատ պոետ Ղարիբի հազար ու մի օր տևող ճանապարհորդության մասին է: Աշուղ Ղարիբն անցնում է փորձությունների միջով, որպեսզի գումար վաստակի իր սիրելիի հետ ամուսնանալու համար:

Placeholder
Ստամբուլում ցուցադրվելու է Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմը