Հայաստանը կդառնա Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տարանցիկ երկիր
Տնտեսություն
12:41 19/11/2016

Հայաստանը կդառնա Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տարանցիկ երկիր

Այսուհետ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ, այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից մանրամասնում են, այս շաբաթ փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի խոսքով` վերջին երկու տարիներին քննարկվում էր տարանցիկ մուլտիմոդալ փոխադրման այս ծրագիրը, քանի որ նախարարության գերակայություններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը: Անդրադառնալով առաջին կոնտեյներների տեղափոխմանը` Արթուր Առաքելյանը նշեց, որ սա փորձնական փոխադրում էր:

«Այն թույլ տվեց մեզ ու մեր գործընկերներին դիտարկել ու վերլուծել ճանապարհին ծագող խնդիրները և համատեղ աշխատանքով փորձել վերացնել այն խոչընդոտները, որոնք ազդում են փոխադրման ժամանակի և գնի վրա»,-նշել է նախարարի առաջին տեղակալը:

Կոնտեյներները Փոթիից Երասխ են հասցվել 38 ժամում, որը բավական լավ ցուցանիշ է, սակայն պետք է աշխատել հետագայում այդ ժամանակը հնարավորինս կրճատելու ուղղությամբ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի խոսքով` փորձնական փոխադրումը հաստատեց, որ նախագիծն իրատեսական է:


Այլ մանրամասներ՝ նախարարության տրամադրած տեսանյութում:

Placeholder
Հայաստանը կդառնա Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տարանցիկ երկիր