Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթ դեռևս չի հայտարարվել
Կրթություն, գիտություն
13:23 23/11/2016
Հայաստան

Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթ դեռևս չի հայտարարվել

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահից հետո (2016 թ. սեպտեմբերի 3) հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մատենադարանի գիտնական քարտուղար, Արաբատառ ձեռագրերի նկարագրության և ուսումնասիրման բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Վահան Տեր-Ղևոնդյանը: Ըստ օրենքի՝ ժամանակավոր պաշտոնակատարն առավելագույնը վեց ամիս կարող է պաշտոնավարել: Վեց ամսվա ընթացքում պետք է տնօրենի պաշտոնի համար հայտարարվի մրցույթ և մրցույթը պետք է կայանա:

Panorama.am-ի հետ զրույցում Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական Գուրգեն Գասպարյանն ասաց, որ դեռևս մրցույթ հայտարարված չէ:

«Մատենադարանի տնօրենն ընտրվում է Մատենադարանի կառավարման խորհրդի կողմից:
Խորհուրդի կազմում պետք է ընդգրկված լինի 39 հոգի՝ կեսը մատենադարանցիները,  կեսը՝ կառավարության ներկայացուցիչներ: Այսօր խորհրդի կազմում 39 հոգի չկա, պակասել են, որոշ մարդիկ գնացել են,  նաև կառավարությունում են փոփոխություններ եղել: Պետք է խորհրդի կազմը համալրվի, որից հետո արդեն կհայտարարվի մրցույթ: Ընտրությանը պետք է բոլոր 39 հոգին ներկա լինեն»,- ասաց նա:

Գ. Գասպարյանի խոսքով՝ երբ հայտարարվի մրցույթ, ցանկացողները կարող են հայտ ներկայացնել: Մատենադարանի կանոնադրության համաձայն՝ պետք է տնօրենն անպայման լինի հայագետ, գիտական աստիճանը՝ նվազագույնը գիտությունների դոկտոր:

«Եթե մրցույթի արդյունքում որևէ մեկը չընտրվի, այդ դեպքում պաշտոնակատարը ևս երեք ամիս կշարունակի պաշտոնավարումը, այնուհետև կնշանակվի նոր պաշտոնակատար՝ մինչև ընտրվի տնօրեն»,- ասաց Մատենադարանի տնօրենի խորհրդականը:

Placeholder