Լևոն Արոնյան. «Երեխաները նոր մտքեր ու տարբերվող գաղափարներ են ունենում»
Սպորտ
16:10 23/11/2016
Հայաստան

Լևոն Արոնյան. «Երեխաները նոր մտքեր ու տարբերվող գաղափարներ են ունենում»

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» միջոցառման շրջանակներում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը միաժամանակյա սեանս անցկացրեց ներառական և միջնակարգ կրթություն իրականացող դպրոցների սաների հետ:

Հաշմանդամություն ունեցող շուրջ 25 երեխաներ սպասում էին հայ գրոսմայստերին: Իհարկե, ուժերն անհավասար էին, սակայն փոքրիկների համար իսկական տոն էր Հայաստանի ուժեղագույն շախմատիստի հետ մրցելը:

Խաղից առաջ լրագրողների հետ ունեցած զրույցում Արոնյանն ընդգծեց, որ երեխաների հետ խաղալն իր համար հաճելի է, քանի որ նրանք մշտապես նոր մտքեր ու տարբերվող գաղափարներ են ունենում:

«Հետաքրքիր է երեխաների հետ խաղալը` տեսնելով նրանց աչքերի աշխուժությունը: Նրանց համար կարևոր է ուժեղի հետ խաղալը: Ես ինքս, երբ խաղում էի ուժեղ շախմատիստների հետ, փորձում էի լավ խաղ ցուցադրել»,-ասաց Արոնյանը:

Արոնյանը շեշտեց, որ պետք է ամեն ինչ անել հաշմանդամություն ունեցող մարդկանց աջակցելու և օգնելու համար, քանի որ նրանցից ոչ բոլորին է բախտ վիճակվել ունենալ ամուր առողջություն:

«Ամեն տարի փորձում եմ իմ կողմից աջակցություն ցուցաբերել երեխաներին, հատկապես` հաշմանդամություն ունեցողներին: Մենք պետք է հոգ տանենք նրանց մասին և փորձենք աջակցել»,- ասաց հայ գրոսմայստերը:

Սեասնի վերջում երեխաները ստացան տեղում արված իրենց և Լևոն Արոնյանի լուսանկարը` գրոսմայստերի ինքնագրով:

Հավելենք, որ «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» միջոցառումն անցկացվում է արդեն 5-րդ տարին: Միջոցառումը կարզակերպել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը:

Placeholder
Լևոն Արոնյան. «Երեխաները նոր մտքեր ու տարբերվող գաղափարներ են ունենում»