Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթ դեռևս չի հայտարարվել
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահից հետո (2016 թ. սեպտեմբերի 3) հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մատենադարանի գիտնական քարտուղար, Արաբատառ ձեռագրերի նկարագրության և ուսումնասիրման բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Վահան Տեր-Ղևոնդյանը: Ըստ օրենքի՝ ժամանակավոր պաշտոնակատարն առավելագույնը վեց ամիս կարող է պաշտոնավարել: Վեց ամսվա ընթացքում պետք է տնօրենի պաշտոնի համար հայտարարվի մրցույթ և մրցույթը պետք է կայանա:
Panorama.am-ի հետ զրույցում Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական Գուրգեն Գասպարյանն ասաց, որ դեռևս մրցույթ հայտարարված չէ:
«Մատենադարանի տնօրենն ընտրվում է Մատենադարանի կառավարման խորհրդի կողմից:
Խորհուրդի կազմում պետք է ընդգրկված լինի 39 հոգի՝ կեսը մատենադարանցիները, կեսը՝ կառավարության ներկայացուցիչներ: Այսօր խորհրդի կազմում 39 հոգի չկա, պակասել են, որոշ մարդիկ գնացել են, նաև կառավարությունում են փոփոխություններ եղել: Պետք է խորհրդի կազմը համալրվի, որից հետո արդեն կհայտարարվի մրցույթ: Ընտրությանը պետք է բոլոր 39 հոգին ներկա լինեն»,- ասաց նա:
Գ. Գասպարյանի խոսքով՝ երբ հայտարարվի մրցույթ, ցանկացողները կարող են հայտ ներկայացնել: Մատենադարանի կանոնադրության համաձայն՝ պետք է տնօրենն անպայման լինի հայագետ, գիտական աստիճանը՝ նվազագույնը գիտությունների դոկտոր:
«Եթե մրցույթի արդյունքում որևէ մեկը չընտրվի, այդ դեպքում պաշտոնակատարը ևս երեք ամիս կշարունակի պաշտոնավարումը, այնուհետև կնշանակվի նոր պաշտոնակատար՝ մինչև ընտրվի տնօրեն»,- ասաց Մատենադարանի տնօրենի խորհրդականը: