ՀՀ պետական լեզուն հայերենն է, որևէ օտար լեզվին կարգավիճակ տալու խնդիր բացարձակ չկա. Լևոն Մկրտչյան
Կրթություն, գիտություն
14:49 24/11/2016
Հայաստան

ՀՀ պետական լեզուն հայերենն է, որևէ օտար լեզվին կարգավիճակ տալու խնդիր բացարձակ չկա. Լևոն Մկրտչյան

«Մեկնընդմիշտ ֆիքսեք՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է, մեր լեզուն մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է, և «Լեզվի մասին» օրենքը փոփոխման ենթակա չէ»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով այն հայտարարությանը, թե ԽՍՀՄ  երկրներում ռուսերենին օրենսդրական հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն:

Ինչ վերաբերում է օտար լեզուների զարգացմանը, ապա, ըստ նախարարի,  եթե ուզում ենք ունենալ գիտակրթական պոտենցիալ, ապա ՀՀ քաղաքացիները պետք է մայրենի լեզվին փայլուն տիրապետումից զատ, ունենան օտար լեզուների իմացություն: «Եվրոպական երկրներում ռեալ երեք լեզվի գործածություն է, բացի սեփական լեզվից: Մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի խորացված, ամբողջական կիրառման հարցը»,- նշեց Լևոն Մկրտչյանը: 

Ըստ ԿԳ նախարարի՝ պետք է տարանջատել լեզվի պետականացման և լեզվի զարգացման հայեցակարգերը. «Այս երկու հարցը իրարից տարանջատեք և ՀՀ-ում նման հարց մի բարձրացրեք»: 

Նա նաև նշեց, որ Հայաստանից դուրս գտնվող որևէ պաշտոնատար անձ կարող է կարծիք հայտնել, բայց մենք ունենք օրենսդրություն, որը փոփոխելու որևէ հիմք չկա: «Որևէ օտար լեզվին կարգավիճակ տալու խնդիր բացարձակ չկա, կա օտար լեզուների ուսումնասիրությունը խորացնելու հարց, բայց դա կարգավիճակի հետ որևէ խնդիր չունի»,- ասաց նախարարը:

Լևոն Մկրտչյանի խոսքերով՝ Հայաստանում պետք է լինեն լեզուների զարգացման հայեցակարգեր, ընդ որում՝ ռուսերենի զարգացման հայեցակարգն ընդունվել է 1998-ին: Ըստ նրա՝ ռուսաց լեզվի պարագայում ունենք ևս մի կարևոր դաշտ,  գտնվում ենք Եվրասիական տնտեսական միության գործակցության դաշտում, և ռուսերենը եվրասիական տարածաշրջանում միջպետական հաղորդակցման լեզու է: Բացի այդ, մենք գտնվում ենք ռազմատեխնիկական համագործակցության դաշտում և  ռուսերենն անհրաժեշտ է, բայց կարգավիճակային խնդիր չի կարող լինել:

Նախարարը նշեց, որ չպետք է մոռանանք` Հայաստանը անկախ, ինքնիշխան  երկիր է, չպետք է մենք մեզանից վախենանք և պետք է մեր ուժերին վստահենք: Ըստ նրա՝ ռուսերենը առավել տարածված օտար լեզու է Հայաստանում և շահագրգռված են, որ այդ լեզուն ամրապնդվի, զարգանա,  նաև շահագրգռված են, որ  անգլերենն ամրապնդվի:

Լևոն Մկրտչյանի խոսքերով՝ ինքը մտահոգություն ունի, որ Հայաստանում սկսում են կորցնել գերմաներեն լեզվի մշակույթը, ֆրանսերենը:

ԿԳ նախարարը նաև ասաց, որ ՀՀ-ն ունի հստակ օրենսդրություն, օրինակ՝  եթե Վրաստանում կարող են բարձրագույն կրթություն ստանալ ոչ իրենց մայրենի լեզվով, այլ  անգլերենով, ապա Հայաստանում այդ իրավունքը չկա:

«Հայաստանի քաղաքացիները կրթություն ստանում են հայերեն լեզվով: Դպրոցներում, մենք բոլոր մայր առարկայախմբերը՝ բնագիտությունն ու հումանիտարը, անցնում ենք մայրենի լեզվով: Լեզվական մյուս առարկայախումբը գալիս է ավելացնելու և չի ընդգրկում մայր առարկայախմբերին: Սա արդեն երախշիք է: Եթե մենք ուզում ենք մեզ վախեցած զգանք, եկեք զգանք: Գիտե՞ք, մենք այդ վախն ունենք, քանի որ Խորհրդային միության մի հանրապետություն էինք, որտեղ պայքարում էինք մեր ինքնությունը, մեր լեզուն պահպանելու համար: Այսօր մենք անկախ ու սուվերեն երկիր ենք: Բայց մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, մեր սպաներն ու զինվորները պետք է կարողանան ինստրուկցիաները ռուսերեն կարդալ»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը:

Placeholder