Ծրագրավորող Հասմիկ Քալանթարյանը APP է ստեղծել Disney ընկերության համար
Տնտեսություն
16:53 24/11/2016
Հայաստան

Ծրագրավորող Հասմիկ Քալանթարյանը APP է ստեղծել Disney ընկերության համար

Նախորդ տարի Panorama.am-ը ներկայացրել է ծրագրավորող Հայկ Քալանթարյանի գյուտը, որը մեծ արձագանք է գտել ԱՄՆ-ում: Հայկը ստեղծել է ուտելիքը տարբերակող սարք, որը կոչվում է WearSens: Այն հետևում է կոկորդի տատանումներին և ինֆորմացիա ստանում ուտելիքի, ինչպես նաև ընդունած հեղուկի մասին: Նշենք, որ վերջերս Հայկը ճանաչվել է ամերիկյան UCLA (University of California, Los Angeles) համալսարանի  դոկտորատուրայի ինժեներական և կիրառական գիտությունների դպրոցի լավագույն ուսանող:

Հայկից հետ չի մնում նրա քույրը՝ ծրագրավորող Հասմիկ Քալանթարյանը, որի ղեկավարած խումբը հեռախոսային ծրագիր՝ APP է ստեղծել Disney ընկերության համար: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հասմիկ Քալանթարյանի հայրը`  ճանաչված ծրագրավորող Արտակ Քալանթարյանը, դստեր ղեկավարությամբ ստեղծված հեռախոսային հավելվածը Disney World park-ի այցելուներին թույլ է տալիս հեշտությամբ կողմնորոշվել հսկայական տարածքում, տեղեկանալ տարածքում գործող կենտրոնների ժամերի և այլ ծառայությունների մասին: Ծրագիրն արդեն դրվել է կիրառության մեջ:

Հիշեցնենք, որ Արտակ Քալանթարյանը առաջին հայերից է, որ աշխատել է Microsoft և Amazon ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում:

Նշենք նաև, որ Հասմիկ Քալանթարյանը հայտնի ժուռնալիստ, ֆելիետոնիստ, գրող, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի թոռն է: Երիտասարդ ծրագրավորողը  ծնվել է Երևանում, նա ծնողների հետ ԱՄՆ է տեղափոխվել 1994 թվականին:

Placeholder
Ծրագրավորող Հասմիկ Քալանթարյանը APP է ստեղծել Disney ընկերության համար