Ախալքալաքի ելքի և մուտքի մոտ տեղադրված վրացերեն ցուցանակների վրա կավելանա նաև հայատառ նշագրում
Տարածաշրջան
18:56 25/11/2016
Տարածաշրջան

Ախալքալաքի ելքի և մուտքի մոտ տեղադրված վրացերեն ցուցանակների վրա կավելանա նաև հայատառ նշագրում

Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորների առաջարկով մյուս տարի քաղաքի ելքի և մուտքի մոտ տեղադրված վրացերեն ցուցանակների վրա կավելանա նաև հայատառ նշագրում: Այս մասին տեղեկանում ենք jnews.ge կայքից: 

Նոյեմբերի 24-ին, Ախալքալաքի շրջանային ժողովի բյուջետային հանձնաժողովի նիստի ժամանակ ժողովականների կողմից առաջարկ է եղել Ախալքալաք քաղաքի ելքի և մուտքի վրա վրացերենով գրված ցուցանակի կողքին ավելացնել նաև հայերեն տարբերակը: Նման առաջարկությամբ հանդես է եկել ժողովի պատգամավոր Շիրվան Շիրինյանը:

«Օրենքի մեջ գրված է, Վրաստանի սահմանադրությամբ ամրագրված են մեր իրավունքները: Իրավունք ունես ցանկացած լեզվով գրելու, եթե դրա հետ մեկտեղ գրում ես նաև պետական լեզվով, այստեղ օրենքի խախտում չկա: Ուզում ես խանութի վրա հայերեն կգրես, ուզում ես անգլերեն, բայց պարտադիր պետք է գրես նաև պետական լեզվով, այսինքն վրացերենով», – ասել է նա: 

Նիստին ներկա ժողովականները ևս միացել են հնչեցված առաջարկին, ավելացնելով, որ հայատառ նշումներ լինեն նաև քաղաքի փողոցների, ինչպես նաև գյուղերի վրացերեն լեզվով գրված անվանումների կողքին:

Ախալքալաքի և ելքի, և մուտքի մոտ տեղադրված ցուցանակները միայն վրացերեն լեզվով են գրված: Քաղաքի որոշ փողոցներ նշված են և վրացերենով, և հայերենով: Իսկ գյուղերի ցուցանակների վրա բացառապես վրացերեն և անգլերեն լեզուներով է գրված: 

Placeholder
Ախալքալաքի ելքի և մուտքի մոտ տեղադրված վրացերեն ցուցանակների վրա կավելանա նաև հայատառ նշագրում