Քննարկում. Հայաստանում ընտանեկան բռնությունները նաև պետական մարմինների ոչ պատշաճ գործունեության հետևանք են
Իրավունք
11:40 25/11/2016
Հայաստան

Քննարկում. Հայաստանում ընտանեկան բռնությունները նաև պետական մարմինների ոչ պատշաճ գործունեության հետևանք են

Կանանց իրավունքների կենտրոնն այս տարվա ընթացքում կանանց նկատմամբ ֆիզիկական բռնությունների վերաբերյալ ավելի շատ ահազանգեր է ստացել, քան նախորդ տարում:
 
«2016-ին ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում. ի՞նչ փուլում է Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծը» թեմայով քննարկման ժամանակ ասաց կենտրոնի  հոգեբան Մարինե Եղիազարյանը՝ վկայակոչելով կազմակերպության Երևանում ու յոթ մարզերում գործող թեժ գծերով ստացված ահազանգերի վիճակագրությունը:

Կենտրոն դիմած կանանց 48 տոկոսն ահազանգել են հոգեբանական, 50 տոկոսը՝ ֆիզիկական, 2 տոկոսը սեռական բռնությունների մասին:

«2010-2015 թվականների ընթացքում ընտանեկան բռնությունների զոհ է դարձել 35 կին»,-ասաց Մ. Եղիազարյանը:

Քննարկման մասնակիցներից «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիդա Մինասյանը նշեց, որ այս տարվա ընթացքում գենդերային հիմքով ու ընտանեկան բռնության զոհ է դարձել 7 կին:

«Սպանության դեպքերը հասարակության անտարբերության ու պետական համապատասխան ինստիտուտների պատշաճ կերպով չգործելու հետևանք են: Խոսքը մասնավորապես ոստիկանության մասին է»,-ասաց կազմակերպության տնօրենը:

Նա պարզաբանեց, որ զոհ դարձած կանայք կենդանության օրոք դիմել ու ահազանգել են ոստիկանությանը բռնությունների մասին, սակայն ոստիկանությունը շատ դեպքերում անտարբեր է եղել:

Քննարկման համակարգողը հայտնեց, որ իրենք հրավիրել են նաև ոստիկանության ներկայացուցչի, սակայն քննարկմանը այդ կառույցից որևէ մեկը չի ներկայացել:

Panorama.am-ի՝ ընտանեկան բռնությունների վերաբերյալ հարցմանը ոստիկանությունից պատասխանել են, որ տեղեկատվության հավաքագրման համար անհրաժեշտ է 30 օր:

Հիշեցնենք, նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան նշում է «Ըննդեմ գենդերային բռնության 16-օրյակ»-ը։ Դա համաշխարհային շարժում է, որն ուղղված է կանանց դեմ բռնության բոլոր ձևերի վերացմանը: 16-օրյակի  շրջանակներում ակտիվիստները, գիտնականները և քաղաքական գործիչները միավորվում են պայքարելու գենդերային հիմքով բռնության  դեմ և օժանդակելու բոլորին՝ ունենալ  հավասար կրթության հնարավորություն, միաժամանակ զբաղվելով կանանց իրավունքների պաշտպանությամբ: Այս տարի կարևորվում է կրթության  հիմնախնդիրը, և թե ինչ  հետևանքներ կարող է ունենալ  գենդերային հիմքով բռնությունը՝ կրթության հավասար իրավունքի իրացման վրա:

Placeholder
Քննարկում. Հայաստանում ընտանեկան բռնությունները նաև պետական մարմինների ոչ պատշաճ գործունեության հետևանք են