ՍԱՊԾ-ն արձագանքում է Panorama.am-ի հրապարակմանը
Առողջություն
17:52 29/11/2016
Հայաստան

ՍԱՊԾ-ն արձագանքում է Panorama.am-ի հրապարակմանը

ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արձագանքել է Panorama.am-ի՝  «Ինչպես են «Զովք» միս մատակարարում» հրապարակմանը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կենդանիների մորթից ստացված թարմ և սառեցված միս վաճառող տնտեսավարողներին հորդորում է խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջներին:

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է միսն ու ենթամթերքը ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում:

Վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական և արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների և սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ և ստուգիչ սարքերով, սառնարաններով: Կենդանական ծագման մթերքի, առավել ևս՝ մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր հագուստ: Վաճառքի կետերում յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է:

Խիստ կարևոր է հետևել ինչպես մսի և մսամթերքի պահմանն ու իրացմանը, այնպես էլ փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին, մասնավորապես՝ մսի տեղափոխումը կատարել սառեցնող կամ հավասարաջերմ թափքով, տեխնիկապես սարքին, մաքուր փոխադրամիջոցներով: Թարմ միսը պետք է տեղափոխել առանձին:

Ամեն օր, տեղափոխման ավարտից հետո, փոխադրամիջոցները պետք է ենթարկվեն սանիտարական մշակման: Միս տեղափոխող և դրա հետ շփվող անձինք նույնպես պարտավոր են ունենալ անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ, ապահովված լինել մաքուր հագուստով»,-ասված է ՍԱՊԾ արձագանքում:

Հիշեցնենք, որ  հրապարակմանն ավելի վաղ արձագանքել էր տնտեսվարողը: «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրեն Գևորգ Արամյանը ներողություն էր խնդրել  հաճախորդներից և խոստացել. «Շուտով Նոր Զովք ցանցում նման դեպքեր այլևս չեն լինի»:

Այսօր «Նոր Զովք»-ի ֆեյսբուքյան էջում  հրապարակվեցին լուսանկարներ, որոնք նման չէին երեկվա արձանագրածին:

«Այսօր Նոր Զովքի տնօրինությունը հատուկ չափորոշիչներ է սահմանել, որոնց խիստ պահպանման դեպքում միայն մատակարարներից կընդունի միս և մսամթերք»,-ասված է ցանցի տարածած հաղորդագրության մեջ:

Նկատենք, որ թարմ մսի իրացման կետ է հանդիսանում Գումի շուկան: Քաղաքի կենտրոնում խիստ հակասանիտարական պայմաններում միս են վաճառում: Խնդրի մասին, հնարավոր հետևանքների մասին բարձրաձայնվել է մի քանի ամիս առաջ: Վերահսկող պետական մարմինը ոչ արձագանքել է, ոչ էլ քայլեր կատարել:
 

Placeholder