Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդեսի ավարտից հետո Այվազովսկու կտավները վերադարձվել են ՀԱՊ
Մշակույթ
10:12 29/11/2016
Հայաստան

Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդեսի ավարտից հետո Այվազովսկու կտավները վերադարձվել են ՀԱՊ

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 -ամյակին նվիրված ցուցահանդեսում 100 ծովանկարների և 50 գրաֆիկական աշխատանքների շարքում ներկայացված  էին նաև Հայաստանի Ազգային պատկերասրահից  տասներկու ստեղծագործություններ: Panorama.am-ին պատկերասրահից տեղեկացրեցին, որ ցուցահանդեսի ավարտից՝ նոյեմբերի 20-ից հետո ՀԱՊ գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը, ՀԱՊ Վերականգնման և կոնսերվացման բաժնի վարիչ Իգոր Պողոսյանը աշխատանքները ետ են բերել թանգարան: Աշխատանքները կզբաղեցնեն իրենց տեղը մշտական ցուցադրությունում:

Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը լրանում է 2017 թվականին: Հայաստանի ազգային պատկերասրահը ևս պատրաստվում է կազմակերպել ցուցահանդես, նախատեսվում է իրականացնել գիտաժողով:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը՝ հուլիսի 29-ից նոյեմբերի 20-ն, ունեցել է մոտ 600 հազար այցելու:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, Ղրիմում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։
Հ.Այվազովսկին թողել է 6000-ից ավելի ստեղծագործություն։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 

 

Placeholder
Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդեսի ավարտից հետո Այվազովսկու կտավները վերադարձվել են ՀԱՊ