«Չենք կարող այս պահին միանգամից բոլոր պարտքերը մարել». «Աշտարակ կաթ»-ը գնող ընկերության ներկայացուցիչ
Տնտեսություն
15:46 01/12/2016
Հայաստան

«Չենք կարող այս պահին միանգամից բոլոր պարտքերը մարել». «Աշտարակ կաթ»-ը գնող ընկերության ներկայացուցիչ

Սնանկացած «Աշտարակ կաթ» ընկերությունը գնորդ ունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանը, որից հետո փակ հանդիպում ունեցավ գնող ընկերության ներկայացուցիչների հետ:

Գնորդը ԱՄՆ-ում գործող «Ադրա Ռեմարա» համաշխարհային կազմակերպությունն է և մինչ օրս որևէ գործունեություն չի ծավալել Հայաստանում:

Նախարար Կարայանի հետ փակ բանակցություններից հետո գնող ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը հանդիպեցին լրագրողներին:

«Մի քանի շաբաթ է արդեն նախարարությունը փորձում է գտնել այն հնարավորությունները,  որոնցով կարող են երաշխավորվել «Աշտարակ կաթ» ընկերության ապրանքանիշով արտադրանքի արտադրության շարունակականությունը, պահպանել կազմակերպության աշխատողների աշխատատեղերը և աշխատանքը այն բազմաթիվ գյուղացիների, ովքեր վաճառել են իրենց գյուղատնտեսական արտադրանքը: Ամենակարևորն այն է, որ գնորդ կազմակերպությունը գիտի այն խնդիրները, որոնք պիտի ժամանակի ընթացքում լուծի՝ շուկայում իր կայուն տեղը վերկանագնելու և որակյալ արտադրանքը հաճախորդներին հասցնելու համար: Նախկինում շուկայի 40 տոկոսը պատկանում էր «Աշտարակ կաթին», սակայն հիմա այդ թիվը հասել է 10 տոկոսի, և ներդնող կազմակերպությունն առաջիկայում կփորձի վերլուծել իրավիճակը»,-մանրամասնեց նախարարի տեղակալը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երեք օր է արդեն ձեռնարկության արտադրությունը գործում է, արտադրանքը հասնում է խանութներ. «Շահագործող կազմակերպությունը լիահույս է, որ առաջիկա ամիսների ընթացքում կապահովի կայունություն, կերաշխավորի գյուղացիների արտադրանքի կայուն գնումները ու աշխատատեղերը»:

Առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը տեղեկացրեց, որ գնման գործընթացի մեջ են, դեռ այն վերջնական չի ավարտվել, իսկ գնող կազմակերպության սեփականատերերն են Արա և Արտակ Ասատրյանները:

«Այս երեք օրերի ընթացքում ընկերության արտադրանքը շուկա է մատակարվել նույն ծավալով, ինչ նախկինում, մենք չենք ցանկանում կորցնել ոչ մի գնորդի»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է «Աշտարակ կաթ»-ի պարտքերին և դրանց մարման գործընթացին, Արտակ Ավագյանն ասաց. «Ընդհանուրը պարտքը կազմում է մոտ 180 մլն դրամ: Նախնական պայմանավորվածություն ենք տանում բոլոր գյուղացիների հետ, փորձում ենք մարել հին պարտքերը, բայց մենք չենք կարող այս պահին միանգամից բոլոր պարտքերը մարել: Ամեն մեկի հետ փորձում ենք անհատական համաձայնության գալ՝ առանց ոչ մեկին նեղացելու: Որոշ գյուղացիների հետ պայմանավորվածության ենք եկել՝ մթերման ընթացքում հինգ տոկոս վերադարձ ենք անում, բայց ոմանք էլ ավելին են ուզում»:

Լրագրողների հարցին, թե որքա՞ն ներդրում է անելու կազմակերպությունը «Աշտարակ կաթ» ընկերությունում, նա պատասխանեց. «Այս պահին կոնկրետ թվեր չկան, որքան որ պետք լինի»:

Placeholder
«Չենք կարող այս պահին միանգամից բոլոր պարտքերը մարել». «Աշտարակ կաթ»-ը գնող ընկերության ներկայացուցիչ